ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ


ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ

  • 22-05-2014 14:17:41   | Հայաստան  |  Տնտեսություն

 





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր նախկին որոշումներից մեկում, որպեսզի ապահովի մինչև 2014թ. հունվարի 1-ը ծնված 1890 առաջին և երկրորդ երեխայի համար 50 հազար դրամ, 355 երրորդ և հաջորդ երեխաների համար՝ 430 հազար դրամ միանվագ նպաստի բնականոն վճարումը ընդհանուր առմամբ մոտ 250 մլն դրամի չափով:
ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից 14-ը, որոնք ապահովում էին «Պետական նպաստների մասին» 2005թ. ընդունված օրենքի կիրառումը: Այդ օրենքը նույնպես ուժը կորցրած է ճանաչվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ 2013թ. դեկտեմբերի 12-ին: Այսպիսով, հստակեցվել է պետական նպաստի նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական դաշտը:
ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի 1-ի որոշմամբ գործադիրը բնակտարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար սոցիալական ծառայությունների փաթեթ էր սահմանել: Այժմ, փոփոխություն և լրացում կատարելով այդ որոշման մեջ, կառավարությունը կանոնակարգել է փաթեթի տրամադրման բյուջետային միջոցների որոշման ընթացակարգը և ապահովել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Նալբանդյան 128 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքից 275 քառ. մետր տարածք է հատկացվել «Հայաստանի բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ-ին: Դպրոցը նպատակ ունի դառնալ միջազգային ասպարեզի ճանաչված հաստատություն, որն իր ծառայությունները կմատուցի ոչ միայն հայ ուսանողներին, այլև անգլերեն՝ օտարերկրյա քաղաքացիներին:
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ դրանով իսկ ապահովելով կրթական ոլորտի միասնական պետական քաղաքականություն և միասնական չափանիշներ, արտոնագրման պայմանների ու պահանջների հավասար դաշտ:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր 2014թ. փետրվարի 13-ի նիստի N 6 արձանագրության «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու և գույք հանձնելու 27-րդ կետը:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play