Մայրաքաղաքում վերահսկվում է շինթույլտվությունների տրամադրման գործընթացը


Մայրաքաղաքում վերահսկվում է շինթույլտվությունների տրամադրման գործընթացը

  • 26-05-2014 16:47:24   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով ուրբաթ օրը մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Հանրապետական հիվանդանոցի տարածքում ծառերի հատման մասին սոցիալական ցանցերով և լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը՝ նախ զեկուցվել է, որ կտրված 13 ծառերը գտնվել են սեփականություն հանդիսացող տարածքում: Նշվել է նաև, որ սեփականատիրոջ ներկայացուցիչը տեղի ունեցածը ներկայացրել է որպես ծառերի  երիտասարդացում, ինչը, սակայն, բնապահպանները գնահատել են սահմանված չափորոշիչներին ոչ համապատասխան գործողություն: Զեկուցվել է նաև, որ հարցի հետ կապված գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչություն՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան գրություններ ներկայացնել նաև Երևան քաղաքի դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝ ընդգծելով, որ սեփականատեր լինելը դեռևս չի ազատում ծառահատման համար պատասխանատվություն կրելուց:
«Եթե գործող օրենքում որոշակի բաց կա քաղաքապետարանի կողմից սեփականություն հանդիսացող տարածքում ծառահատման դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու համար, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է ձեռքներս ծալած նստենք: Նախ որևէ սեփականատեր, այսպես թե այնպես, իրավունք չունի առանց համապատասխան մասնագետների եզրակացության ծառերի խոր էտ, երիտասարդացում կատարելու, էլ չենք խոսում այն մասին, որ առանց համապատասխան թույլտվության հատում իրականացնի: Ուրեմն ո՞րն է խնդիրը: Համապատասխան գրություններ ուղարկեիք Երևան քաղաքի դատախազությանը և ոստիկանությանը: Բազմիցս հայտարարել եմ, որ ծառահատման դեպքերով որևէ մեկին ներում չի լինելու և ցանկացած ոք, ով կկատարի նման արարք, պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ: Մենք ամեն տարի ծառատունկեր ենք կազմակերպում՝ նպատակ ունենալով վերականգնել երբեմնի կանաչ տարածքները, զուգահեռ նաև ձևավորելով նոր ծառապատ տարածքներ, իսկ ոմանք իրենց իրավունք են վերապահում անօրինական ծառահատում իրականացնել: Սա անհանդուրժելի է, և ձեզանից պահանջում եմ նման դեպքերում լինել կոշտ և սկզբունքային: Որևէ մեկն իրավունք չունի ծառ կտրելու և վերջ: Եվ ընդհանրապես, եթե սեփականություն հանդիսացող տարածքներում կան կանաչ գոտիներ, առավել ևս՝ ծառեր, ապա այդտեղ շինաշխատանքների իրականացման թույլտվություն չպետք է տրամադրվի: Սա մեզ համար սկզբունքային է, ինչի արդյունքն է նաև այն, որ այսօր ունենք նաև սեփականության իրավունքով տրամադրված հողատարածքներ, որոնցում, սակայն, հստակ նշված է, որ սեփականատերն այդ տարածքներում կառուցապատում իրականացնելու իրավունք չունի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ խստորեն հանձնարարելով շինթույլտվությունների տրամադրման հարցում լինել խիստ հետևողական և նախքան դրանց տրամադրումը լինել տեղում և համոզվել, որ տվյալ տարածքները ծառապատված չեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդի ներկայացնելու գործընթացը:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play