ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում կկնքվի համագործակցության համաձայնագիր


ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում կկնքվի համագործակցության համաձայնագիր

  • 29-05-2014 13:52:44   | Հայաստան  |  Տնտեսություն






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կալպատարու Փաուեր տրանզմիշն լիմիթեդ» ընկերության ՀՀ մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 7-ը: Մասնաճյուղը իրականացնում է Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 220 կիլովոլտ օդային էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի նախագծումը, մատակարարումն ու տեղակայումը: Գործադիրը հաշվի է առել ծրագրի կարևորությունը ՀՀ էներգետիկ անվտանգության տեսանկյունից և ակնկալում է, որ որոշման ընդունումը թույլ կտա բարեհաջող իրականացնել օդային գծի կառուցումը, ինչը հնարավորություն կստեղծի փոխանցել ավելի մեծ հզորություն, էապես բարելավել էներգահամակարգի հուսալիությունը և մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը:
Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2014թ. դեկտեմբերի 25-ը: Ընկերությունը վերամշակման նպատակով ներմուծել է ձիթապտուղ, որը, սակայն, չի կարողացել վերաարտահանել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով: Թույլատրելով ժամկետի երկարաձգումը, կառավարության որոշումը կնպաստի ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը, ստեղծված աշխատատեղերի պահպանմանը:
Նիստում «Արմյանսկի ուրոժայ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. մայիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 11 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և իրականացնելով 6.5 մլրդ դրամի ներդրում: Տարեկան թողարկվելու է շուրջ 2.7 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասն արտահանվելու է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան: Ստեղծվելու է մոտ 90 աշխատատեղ:


Միջազգային համագործակցություն


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համագործակցության ոլորտներն են հատկապես բուսաբուծությունն ու անասնաբուծությունը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության և կայուն գյուղատնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, գիտատեխնիկական և տեղեկատվական կապերի զարգացումը:
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ ազգային վիճծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ՝ ծառայությանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար: Հաշվառում անցկացնելու նպատակով տրամադրվելու է 200 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը կսկսվի ս.թ. հունիսի 15-ին և կավարտվի մինչև 2015թ. մարտը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, վիճծառայությունը ս.թ. հունիսի 1-ից սկսելու է իրականացնել նաև «Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտության երկրորդ շրջափուլը, որի համար Աշխատանքի միջազգային կազմակերպությունը տրամադրելու է 100 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը, որը մեկնարկել է 2011թ. հունիսին և ավարտվելու է 2016թ. մայիսին, նպատակ ունի հզորացնել վիճծառայության կարողությունը՝ համակողմանի և արժանահավատ տեղեկություն հավաքելու աշխատանքի շուկայում երիտասարդների մասնակցության վերաբերյալ և դրանով իսկ նպաստելու երիտասարդների զբաղվածությանն ուղղված երկրի քաղաքականության կատարելագործմանը, դրա արդյունավետության մշտադիտարկմանը: Այս ծրագրի ֆինանսական միջոցների տնօրինման համար ևս կառավարությունը թույլատրել է արտաբյուջետային հաշիվ բացել:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play