Անահիտ Բախշյանն անդրադառնում է Երևանի քաղաքապետի խոսքի և գործի հերթական հակասությանը


Անահիտ Բախշյանն անդրադառնում է Երևանի քաղաքապետի խոսքի և գործի հերթական հակասությանը

  • 29-05-2014 16:27:39   | Հայաստան  |  Տնտեսություն
29 մայիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող կանաչապատ տարածքի ոչնչացման մասին հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասված է.
 
«Սույն թվականի ապրիլի 30-ին Երևանի ավագանին ընդունեց կարևոր որոշում Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի մասին, որն անթերի չէ, բայց այնուամենայնիվ  որոշման ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁևԵՐԸ և  ՄԻՋՈՑՆԵՐԸ 2-րդ գլխի 4-րդ կետում  որպես ձևերից մեկ   ամրագրված է  համայնքի տարածքում հարցումների անցկացման կազմակերպումը և բնակիչների առաջարկությունների ներկայացման հնարավորությունը:
 
Երևանի  Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի  հարակից  տարածքի բնակիչները 70 ստորագրություւներով դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետին, ՀՀ ՄԻՊ պաշտպանին, Ձեզ, տիկին Դանիելյանին և ինձ  այն մասին, որ  այդ կանաչ տարածքում  եռահարկ կառուցելու շինարարական աշխատանքների թույլտվություն է նույնիսկ տրված: Ո՞ւր մնաց ավագանու որոշումը և  ե՞րբ է այն սկսելու կիրառվել, եթե ոչ՝ այս դեպքում: 
 
Երևանի  Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի  հարակից տարածքում գտնվող բնակիչների կողմից  ստեղծված  միակ կանաչ  տարածքը, ըստ իրենց նամակի, ինտերնետային հայտարարությամբ հունվար ամսից դրված է վաճառքի 110.000 $ -ով:
 
Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ տարածքի բնակիչներին ընտրվելու դեպքում  խոստացել եք. «Ոչ մի քար քարի վրա չի դրվի կանաչ գոտու հաշվին» և անընդհատ հայտարարում եք այս մասին:
 
Նամակին կից  ուղարկել են  նաև կանաչ տարածքի լուսանկարները:
 
Առաջնորդվելով ավագանու կայացրած վերոնշյալ որոշմամբ՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
 
Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17,19,21 շենքերի բնակիչները պատշաճ կերպով իրազեկվե՞լ  են  տարածքը աճուրդի դնելու մասին,
կազմակերպվե՞լ է   հարցում իրենց կարծիքն իմանալու մասին, 
Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17,19,21 շենքերի հարակից կանաչ տարածքը դրվե՞լ է աճուրդի,
կայացե՞լ է աճուրդը,
տրվե՞լ է տարածքի կառուցապատման շինթույլտվությունը:
 
Պարոն Մարգարյան, հարցերը հրատապ պատասխան են ակնկալում»:
 
Տիկին Բախշյանը նամակի վերջում շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և կից ներկայացրել 70 ստորագրությունների ցանկը: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play