Սամվել Հովասափյան. Անզորությունից մենք դարձել ենք կրավորական, հարմարվող և անտարբեր ամեն ինչի նկատմամբ


Սամվել Հովասափյան. Անզորությունից մենք դարձել ենք կրավորական, հարմարվող և անտարբեր ամեն ինչի նկատմամբ

  • 02-06-2014 11:54:05   | Գերմանիա  |  Վերլուծություն
Այս օրերին բեռլինահայության իրական առօրյան՝ որպես հայ սփյուռք, որպես հայ ժողովրդի մի մաս, արտացոլում է ամբողջ սփյուռքահայության հարազատ պատկերը: Տեղատվություն, անտարբերություն է տիրում ամենուր, անզորության զգացումից ջլատված՝ հոռետեսություն... 
Ժամանակին գրողը գրեց՝ «Մենք օդի, ջրի նման, կարիք ունենք հայրենիքի ներկայության:» Այո, հայրենիքի ներկայության: Ժամանակին սովետական ոչ ազատ հայրենիքը փորձում էր տարբեր միջոցներով, լավ թե վատ, լրացնել այդ բացը, բայց... 
 
Անկախությունից հետո մեզանից շատերը սպասում էին, որ կփոխվի պատկերը, և մենք հանձինս Հայաստանի դեսպանության ներկայության, կունենանք մի հաստատություն, որը կլրացնի այդ բացը, բայց Հայաստանում տեղի ունեցած վերջին քսան տարիների իրադարձությունները մեզ էլ Հայաստանի բնակչության նման, այնպես են հուսահատեցրել, որ անզորությունից մենք դարձել են, կրավորական, հարմարվող և անտարբեր ամեն ինչի նկատմամբ: 
Մեր բողոքների, մեր հակազդեցության, կամ մեր արձագանքների միջոցով ի՞նչն Է դեպի լավը փոխվելու, սա է բոլորիս պատճառաբանությունը, սա է բոլորիս մտայնությունը և գործունեությունը: Ավելի լավ է չխոսել, կոծկել ամեն մի բացասական երևույթ, միայն թե թագավորին չասել, «ձերդ պայծառություն, ձեր աչքի վերևը ունք կա»: Նման մի պատկերի վկան դարձան այն հայ և օտար անձինք, ովքեր մայիս 28-ին ՀՀ դեսպանության կողմից հրավիրվել էին մասնակցելու, դեսպանատանը կազմակերպված ինչ որ գրքի շնորահանդեսին: 
 
Անհաջողությունը ծրագրված էր հինց սկզբից, նախ երեկոյի բացումը կատարվեց գրեթե կես ժամ ուշացումով և ի զարմանս բոլորի, անգլերենով, ոչ մի բառ հայերեն,  ոչ մի բառ գերմաներեն, այն էլ ոչ լսելի և ոչ մատչելի: Հետո այն ինչի, մենք վկան դարձանք, հեռու էր բոլորիս երևակայությունից: Հարգելի Դեսպան՝ պարոն Հովհաննիսյանը, ով վատառողջ էր և արդեն անձնական ողջույնի ժամանակ, գրեթե անկարող հաղորդակցվելու, սկսեց խոսել, և ով զարմանքս, ասես անգլերենով, բայց նույնիսկ նրան ամենամոտ կանգնածները չէին կարողանում ոչ մի բառ լսել և հասկանալ: Սոսկալի էր մեր վիճակը, որտե՞ղ ենք գտնվում, ինչի՞ համար ենք ՀՀ դեսպանատուն հրավիրվել, ինչի՞ մասին է խոսքը: Հարգելի դեսպանը, կամ նրա աշխատակիցներից որևէ մեկը չզգաց, թե ի՞նչ է կատարվում, թե ինչպե՞ս է կատարվում, որպեսզի հարգեին հենց իրենք իրենց, որպեսզի ուղղեին սխալը: Ունկնդիրների համար միևնույնն էր, որոշները վրդովված թողին դեսպանատունը: Հետո գտնվեցին մարդիկ, նաև դեսպանության աշխատակիցներ, ովքեր փորձեցին պատճառաբանություններ փնտրել, հետո գտնվեցին մարդիկ, նույնիսկ դեսպանատան աշխատակիցներ, ովքեր նույնիսկ ծափահարեցին: Ի միջիայլոց ինչ որ բան անել, ի միջիայլոց ինչ որ բան կազմակերպել, ընդգրկել է մեր կյանքի բոլոր բնագավառները և մենք սովորում ենք նույնիսկ չզարմանալ: Այդ միջադեպը կարելի էր նաև մոռանալ, բայց նույնանման պատկերը կրկնվեց երեկոյան, մայիս 28-ի առթիվ  կազմակերպված խնջույքի բացման ժամանակ, երբ պարոն դեսպանը կազմակերպիչների կողմից հրավիրվեց, իր ողջունի խոսքը ասել... 
«Դե, եկ վարդապետ և մի խևանա»...
 
Սամվել Հովասափյան 
 
Բեռլին, մայիս 2014  
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play