ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին

  • 05-06-2014 13:29:16   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է գերմանական KfW բանկի ծրագրերի ղեկավար Սանդրա Սոարես դա Սիլվային և բանկի փորձագետ Թոմաս Վոլֆին: 
 
KfW բանկը Հայաստանում իրականացնում է ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր, մասնավորապես ՀՀ Շիրակի մարզում: Այդ ծրագրերից հիմնականը հանդիսանում է Կապսի ջրամբարի վերակառուցումը, որը հնարավորություն կտա ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները:
 
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հատկապես կարևորել է գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրով ապահովվածության հարցը և բարձր է գնահատել KfW բանկի կողմից նման ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը: 
 
Նախարարը հակիրճ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում Սերգո Կարապետյանը  կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, պետական աջակցության ծրագրերի իրականացման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, վերամշակման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Նա նշել է նաև, որ Հայաստանում առկա են գյուղատնտեսության զարգացման իրատեսական հնարավորություններ գրեթե բոլոր ուղղություններով և առաջարկել է գերմանական կողմին քննարկել տեխնիկական օգնության հարցը: 
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը որդեգրել է արտահանմանն ուղղված ճյուղերի զարգացման քաղաքականություն, ապա վերամշակող արդյունաբերությունը, ջերմոցային  տնտեսությունները, օրգանական գյուղատնտեսությունը և անասնապահությունը կարող են հանդիսանալ երկկողմ համագործակցության բնագավառներ,- նշել է նախարարը:
Սանդրա Սոարես դա Սիլվան շնորհակալություն է հայտնել Սերգո Կարապետյանին հանդիպման համար և  տեղեկացրել է, որ բանկը մտադիր է Կապսի ջրամբարի վերկանգնման ծրագրի ավարտից հետո իրականացնել նոր ծրագիր, որը ենթադրում է 700 հա գյուղատնտեսական հողատարածքների վրա իրականացնել ջրի խնայողաբար օգտագործման և կառավարման պիլոտային ծրագիր և այդ ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է հանդիսանալ որպես հիմնական գործընկեր: 
Հանդիպման ավարտին, հյուրերը նաև նշեցին, որ բարձրացված  հարցերն ու առաջարկությունները կներկայացնեն  2014թ. սեպտեմբերին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկմանը, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play