ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Վերին Լարսի սահմանային անցակետի բարելավման հարցը


ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Վերին Լարսի սահմանային անցակետի բարելավման հարցը

  • 05-06-2014 13:35:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Վերին Լարսի սահմանային անցակետի որոշ հատվածների վերանորոգման հարցը: 
Կարևորելով Վերին Լարսի սահմանային անցակետի դերը հայ-ռուսական առևտրաշրջանառության գործում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է լուծում տալ բնակլիմայական պայմանների հետևանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդրին, որոնք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա: «Խնդիրն այստեղ տեխնիկական բնույթ է կրում: Կարծում եմ՝ կարելի է իրականացնել անցակետի ենթակառուցվածքի բարելավման ծրագիր: Առաջարկում եմ ուսումնասիրել տեղանքը և նախատեսել ճանապարհի լայնացում այն հատվածներում, որտեղ հաճախակի հոսքեր են լինում: Կցանկանայի տեղեկացնել նաև, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ռուսական կողմի հետ համատեղ անմիջական մասնակցություն ունենալ շինարարական աշխատանքներին», - ընդգծել է վարչապետը:
Զրուցակիցների պայմանավորվածության համաձայն, Մաքսիմ Սոկոլովի առաջարկով՝ ռուսական կողմը կստեղծի աշխատանքային խումբ: Այն մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրություն կիրականացնի Վերին Լարսի անցակետում, որից հետո էլ կհստակեցվեն հետագա անելիքները:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play