Կայացել է Երևանի և ԼՂՀ Մարտունու քաղաքապետների հանդիպումը


Կայացել է Երևանի և ԼՂՀ Մարտունու քաղաքապետների հանդիպումը

  • 06-06-2014 18:35:27   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի գլխավորած պատվիրակության հետ: Կարևորելով Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ ևս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն: «Արդեն երկու տարի է, ինչ հայկական երկու պետությունների մայրաքաղաքներն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում, և աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքի արդյունքն իսկապես նկատելի է: Մենք կարևորում ենք նաև ԼՂՀ մյուս քաղաքների և շրջանների հետ համագործակցության ձևավորումն ու ընդլայնումը և այդ համատեքստում ողջունում եմ վերջերս Արաբկիր վարչական շրջանի և ԼՂՀ Մարտունի քաղաքի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Համոզված եմ, որ այդ փոխգործակցությունը ևս կլինի հաջողված և կյանքի կկոչվեն համաձայնագրով նախանշված բոլոր ծրագրերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանն ընդգծել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հաստատումն ու փորձի փոխանակումն իսկապես անհրաժեշտություն էր: «Հաշվի առնելով Երևանի վարչական շրջանների և քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային փորձն ու գիտելիքները՝ վստահ եմ, որ դրանց փոխանցումը հաստատապես կնպաստի մեր քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, այն պատրաստակամության ու ջանքերի համար, որ ցուցաբերում եք Երևանի և ԼՂՀ շրջանների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնման հարցում»,-  նշել է Մհեր Խաչատրյանը: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արաբկիր վարչական շրջանի և ԼՂՀ Մարտունի քաղաքի հետագա համագործակցությունն ընդլայնելուն առնչվող հարցեր: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play