Բարեգործական պիկնիկ-դրամահավաք` նվիրված Օրրանի կարիքավոր երեխաներին


Բարեգործական պիկնիկ-դրամահավաք` նվիրված Օրրանի կարիքավոր երեխաներին

  • 09-06-2014 13:38:08   | Հայաստան  |  Բարեգործություն

 
“Օրրան”-ը ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի առանձնատանը կազմակերպել էր բարեգործական ճաշկերույթ, որին  հրավիրված էին գործարարներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, դիվանագետներ, այդ թվում` Հայաստանում Հնդկաստանի եւ Բրազիլիայի դեսպանները: Բացօթյա միջոցառմանը ներկա գործարարների հանգանակած գումարն ուղղվելու է “Օրրան”-ի շահառու երեխաների եւ տարեցների առաջնային կարիքներն ու ծախսերը հոգալուն: Ճաշկերույթի առանձնահատկությունն այն էր, որ հյուրասիրվող խորտիկներից մի քանիսը պատրաստել էր դեսպանի կինը, իսկ խորովածի պատրաստումը վստահված էր “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Գործարարն ընդունել էր բարեգործական կազմակերպության առաջարկը` փողկապը փոխարինելով “Օրրան”-ի գոգնոցով:): Նա ճաշկերույթի նախորդ օրն այցելել էր “Օրրան”, իր ձեռքով համեմել տավարի եւ հավի միսը,ինչպես նշեց պարոն Յիրիկյանը. “Հայկական ավանդական խորովածից իմ պատրաստածը տարբերվում է համով եւ փոքր կտորներով. օգտագործել եմ մանանեխ, սխտոր, լիբանանյան համեմունքներ եւ այնպես եմ սոուսը լցրել, որ միսը հյութալի լինի: Հուսով եմ` հյուրերը կհավանեն”,-նշել է նա` հավելելով, որ խոհարար լինելու առաջարկն ընդունել է, քանի որ այն բարեգործական նպատակի է ծառայում. “Կարծում եմ` անկախ զբաղվածությունից ու դիրքից, ինչ-որ կերպ պետք է ծառայես հանրությանը, մանավանդ, եթե մարդասիրական գործ է”: 
Քուվեյթի դեսպանն` իր տիկնոջ հետ, եւ “Օրրան”-ի հիմնադիրներ Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները շնորհակալություն են հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար, իսկ ճաշկերույթից հետո լողավազանի հարևանությամբ ազգագրական երգերի ներքո միասին շուրջպար են բռնել:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն