Կառավարությունը կանոնակարգում է տնտեսական գործունեությունը սահմանային շերտում


Կառավարությունը կանոնակարգում է տնտեսական գործունեությունը սահմանային շերտում

  • 12-06-2014 13:01:28   | Հայաստան  |  Տնտեսություն

Բարեփոխվում է ազգային որակի ենթակառուցվածքը
 
 
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014թ. ծրագիրը, որի նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ համապատասխանի միջազգային պահանջներին և չափանիշներին,
-ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ ՀՀ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը, որի համաձայն նշված քաղաքացիներին կտրամադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում և նրանց հնարավորություն կընձեռվի սովորել անվճար և ավարտելուց հետո աշխատել իրենց բնակավայրերում,
-«Երևանի N 1 տուն ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքի իրականացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը. ծրագրի իրականացման նպատակով 1 մլն ԱՄՆ դոլար նվիրատվություն է տրամադրել Քուվեյթի Պետությունը,
-ներդրումների ներգրավման նպատակով գույքի գրավադրման կարգը, որով կապահովվի պետական, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ներդրումային ծրագրերի իրականացումը,
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությունը:
 
 
Կանոնակարգվում է տնտեսական գործունեությունը սահմանային շերտում
 
 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանային շերտում արգելել արտոնագրման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը, նկատի առնել, որ տնտեսական գործունեություն իրականացնելու համար ՀՀ օրենքներով կարող են սահմանվել այլ պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:
Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակով հաշվառման համակարգի կիրառության շրջանակը:
Նիստի հավանությունն է ստացել «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունումը թելադրված է «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխմամբ և աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի ներդաշնակեցմամբ:
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որի նպատակն է որպես հանցակազմ ձևակերպել առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և խստացնել այս հանցակազմի համար նախատեսված սանկցիան:
Գործադիրը քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մեծացնել շրջակա միջավայրին հասցված վնասի պատասխանատվությունը: Կառավարությունը որոշ վերապահումներ է արտահայտել օրինագծի առթիվ՝ տեղեկացնելով նաև, որ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի նախագիծ, որն արդեն ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ, ուստի դեմ է սույն նախագծի ընդունմանը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
 
 
 
 
Այլ որոշումներ
 
 
Սերբիայի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային երկու մասնաշենքում և Աճառյան 44 հասցեի հանրակացարանում բնակվող հինգ ՀՀ քաղաքացիներին է նվիրաբերվել իրենց զբաղեցրած երեք սենյակը:
Գործադիրն ընդունել է Լոռու մարզի Անտառաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Երևանի «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2015թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել ԱՄՆ Քլիվլենդի համալսարանի օրդինատուրայի սան Հակոբ Քոչարյանին, ով պարտավորվել է ուսումնառության ավարտից հետո ըստ մասնագիտության երկու տարի աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play