Խաղաղության աղոթք Սիրիայի համար


 

Խաղաղության աղոթք Սիրիայի համար

  • 12-06-2014 18:53:29   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Հունիսի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցությունն իր աշխատանքները շարունակեց նաև հունիսի 12-ին:
Նույն օրը խորհրդակցության մասնակիցները, ուղեկցությամբ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Հուշահամալիրում կատարվեց նաև Հոգեհանգստյան կարգ:
Երեկոյան` խորհրդակցության ամփոփիչ նիստից հետո, Ս. Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների ու խորհրդակցության մասնակիցների, կատարվեց խաղաղության աղոթք Սիրիայի համար: 
Արարողությունից առաջ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը աղոթակից ժողովրդին ներկայացրեց Մայր Աթոռում գումարված խորհրդակցության նպատակն ու արդյունքները` հրավիրելով նաև Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին շաղախելու աղոթք: 
Արարողության ընթացքում տարբեր Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներ իրենց առանձնական աղոթքով հայցեցին, որ Բարձրյալի օգնականությամբ խաղաղությունն ու համերաշխությունը վերահաստատվեն Սիրիայում, և Սիրիայի աստվածասեր ժողովուրդը վերագտնի իր ապահով ու բնականոն կյանքի ընթացքը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն