Ստորագրվել է միջբուհական համագործակցության համաձայնագիր


Ստորագրվել է միջբուհական համագործակցության համաձայնագիր

  • 17-09-2014 19:49:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և տնտեսության  նախարար Հ. Մյոլռինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառում երկու երկրների  միջև համագործակցության մի շարք հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները և գերմանացի գործընկերոջը հրավիրել մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին:

 

 ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտական կենտրոնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել  գերմանական  կողմին կենտրոնին աջակցություն ցուցաբերելու համար: Ա. Աշոտյանն առաջարկել է մի շարք նոր ծրագրեր, մասնավորապես Գերմանիայում գտնվող հայկական մշակութային ժառանգության թվայնացման նախագիծ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Մագդեբուրգի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանների ռեկտորների հետ: Քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես համաձայնագիր է ստորագրվել Մագդեբուրգի համալսարանի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև, որով նախատեսվում են երիտասարդ դասախոսների և բժիշկների փոխանակման ծրագրեր: Հալլե-Վիտենբերգի համալսարանում հայկական պատվիրակությունը քննարկել է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գործունեության հետ կապված հարցեր՝ շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանն աջակցության և կենտրոնի տնօրենին պրոֆեսորի հաստիք տրամադրելու համար: Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև ԳԴՀ Բունդեսթագում կրթական հարցերով հանձնաժողովի ղեկավար կազմի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ