Արարատի մարզում խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են կազմակերպված ու բնականոն հունով


Արարատի մարզում խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են կազմակերպված ու բնականոն հունով

  • 22-09-2014 14:31:47   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է  Արարատի մարզ, որտեղ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ ծանոթացել է մի շարք ընկերությունների կողմից իրականացվող խաղողի մթերման աշխատանքներին:
Մարզում նախարարը շրջայց է կատարել Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, Դալարի  «Արեգակ» կոնյակի գործարանում,   ինչպես նաև «Վեդի Ալկո», «Ավշարի գինու գործարան », «Արարատի գինու գործարան», Տափերականի  «Ա.Կ.Զ.» և «Արտաշատ Վինկոմ» ընկերություններում: 
Գործարանների տնօրենները տեղեկացրել են նախարարին, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են կազմակերպված ու բնականոն հունով, առանց դժվարությունների: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ մթերումն իրականացվում է համաձայն գյուղացիների հետ կնքված պայմանագրերի, և գործարանները պատրաստ են մթերել խաղողագործների արտադրանքի ողջ ծավալը: Տեղեկացնելով, որ պայմանավորվածության համաձայն, խաղողը գյուղացիներից մթերվում է կիլոգրամը 150 դրամով, նրանք նաև վստահեցրել են, որ մթերված խաղողի դիմաց վճարումները կկատարվեն ժամանակին:
Նախարարին նաև զեկուցվել է, որ ներկա դրությամբ Արարատի մարզում արդեն մթերվել է 44 հազար տոննա խաղող:  
Չնայած այն հանգամանքին, որ  հանրապետությունում խաղողի մթերման մեկնարկը սկսվել է սեպտեմբերի 5-ից, սակայն որոշ գործարաններում դեռևս չեն սկսվել  մթերման աշխատանքները:  Նախարարը հանձնարարել  է  Շահումյանի կոնյակի և Այգեզարդի գինու գործարանների ղեկավարներին    առաջիկա երկու օրերի ընթացքում սկսել խաղողի մթերումները: 
Նախարարի այցի վերջին կանգառն Այգեստանի Պռոշյանի կոնյակի գործարանն էր, ուր Սերգո Կարապետյանը  հորդորել է մթերման սեզոնին աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի գործարանն   աշխատի  շուրջօրյա, առանց ժամային սահմանափակումների, իսկ  վճարումներն իրականացնեն ժամանակին: 
Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում մարզում գործող ընկերությունների մթերած խաղողի ծավալները չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են,  որ սեպտեմբերի 22-ի դրությամբ  հանրապետությունում արդեն մթերվել է 98 հազար տոննա խաղող: 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play