Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ համատարած գործադուլ են հայտարարել (Տեսանյութ)


 

Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ համատարած գործադուլ են հայտարարել (Տեսանյութ)

  • 23-09-2014 12:00:23   | Հայաստան  |  Հայտարարություններ


Այսօր առավոտից Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ համատարած գործադուլ են հայտարարել: Խնդիրն այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքն է:   Բանն այն է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, ինչի պարագայում վերջիններս իրենց հերթին չեն կարող փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ: Ըստ այս օրենքի` առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:   «Նոր օրենքով թղթաբանությունն է ավելանալու: Պահանջում են, որ մանր ձեռնարկատերը խոշորին բերի դաշտ, նրա շրջանառությունը ցույց տա, բայց իրենք շատ լավ գիտեն` ովքեր են մեր երկրում «խոշորները»,- yerkir.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի առևտրականներից մեկը` առաջարկելով, որ ոչ թե իրենցից ուզեն փաստաթղթերը, այլ «մեծերին» պարտադրեն «փոքրերին» դրանք տրամադրել: «Մեծերին հարկային դաշտ բերելու գործը դնում են ամենաթույլի վրա»,- ասաց նա:   Ի դեպ, մեր այցելության ժամանակ փակ էին տոնավաճառի 200-ից ավելի տաղավարներ:   Նշենք, որ այս պահին էլ «Մալաթիա» եւ «Հրազդան» տոնավաճառների աշխատակիցներն էլ հավաքվել են կառավարության շենքի մոտ եւ պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել:   Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: 
 

yerkir.am 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հայտարարություններ