Վերակառուցվել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի միջնակարգ դպրոցը


Վերակառուցվել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի միջնակարգ դպրոցը

  • 23-09-2014 15:39:05   | Արմավիրի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սեպտեմբերի 22-ին կայացավ  Հայաստանի հնագույն կրթօջախներից մեկի` ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի արդեն վերակառուցված միջնակարգ դպրոցի վերաբացման միջոցառումը:
 
Միջոցառմանը ներկա էին կրթօջախի մանկավարժները, շրջանավարտները, վերակառուցման աշխատանքներն իրականացրած շինարարները, մշակույթի, արվեստի և հասարակական անվանի գործիչներ, դպրոցի շրջանավարտ գործարար և բարերար Հրանտ Սահակյանի ընտանիքը, պետական պաշտոնյաներ, պետական կառույցների ներկայացուցիչներ: Բացման արարողությունը ուղեկցվեց համերգային ծրագրով, որին սիրով մասնակցեցին դպրոցի ընկերները՝ Դավիդ Ամանյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Մկրտիչ Մկրտչյանը:
 
Դպրոցի պատմությունը
Նորապատ գյուղի միջնակարգ դպրոցը Հայաստանի հնագույն կրթօջախներից է. գործում է 1926 թվականից` գյուղի հիմնադրման իսկ օրվանից:  Այն գյուղի առաջին տարրական դպրոցն էր, որն այնուհետև դարձավ յոթնամյա, ապա` ութնամյա, իսկ 1945-46 ուս. տարում՝ միջնակարգ: 
1971 թվականից շահագործման հանձնվեց դպրոցի ներկայիս շենքը: Տարբեր տարիների դպրոցը ղեկավարել են հմուտ և բանիմաց մանկավարժներ, որոնց ավանդած լավագույն փորձն ու նվիրումը տարեցտարի փոխանցվում է նոր սերնդի մանկավարժներին: 
1971 թվականից մինչ օրս դպրոցը տվել է 2125 շրջանավարտ: Նրանց մեծ մասը ստացել է բարձրագույն կրթություն, այդ թվում 3 գիտությունների թեկնածու, 2 տասնյակ մանկավարժներ, տասնյակից ավելի բժիշկ, բազմաթիվ շինարարներ, գյուղատնտեսներ, տնտեսագետներ, սպորտսմեններ: Շրջանավարտներից 2-ը եղել են Ազգային ժողովի պատգամավոր: Դպրոցի սաները նաև ակտիվորեն մասնակցել են Արցախի ազատագրմանը:   
Դպրոցն ունեցել է 18 ոսկեմեդալակիր: Դպրոցի պատմությունը կերտել են բանիմաց մանկավարժներ և արժանի շրջանավարտներ, որոնց անունները սիրով ու հարգանքով է հիշում երախտագետ նորապատցին:
 
Դպրոցի վերակառուցումը
 
Նորապատի միջնակարգ դպրոցը բարեկարգվել, կահավորվել և այս ուսումնական տարին դիմավորել է, որպես  ժամանակի լավագույն պահանջներին համապատասխան կրթօջախ ի դպրոցի 1974-75 ուսումնական տարվա ոսկե մեդալակիր-շրջանավարտ գործարար, բարերար Հրանտ Սահակյանի նախաձեռնությամբ և ներդրումով: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ` 12 դասարանով: Դպրոցում դասավանդում է 27 մանկավարժ: Դպրոցն ունի հարուստ գրադարան, ընդարձակ և 
 
լուսավոր դասասենյակներ, առարկայական կաբինետներ, տարրական դասարանների համար նախատեսված դասասենյակներ և խաղասենյակ: 
Պետական բյուջեից հատկացված միջոցներով 2011 թվականին ամբողջությամբ փոխվել է դպրոցի տանիքը և պատուհանները, իսկ բարերար Հրանտ Սահակյանի ներդրումով ավարտվել են ներքին հարդարման, ջեռուցման, սանհանգույց-կոյուղու,  ջրամատակարարման և բակի սալիկապատման աշխատանքները: Հիմնանորոգումից հետո նորովի կահավորվել է հանդիսությունների դահլիճը, բուֆետը, բացվել է համակարգչային նոր գույքով հագեցած կաբինետը` 10 նոր համակարգիչներով, սպորտդահլիճը համալրվել է նոր գույքով, հիմնովին ստեղծվել է խոտածածկ մարզահրապարակը` կից վոլեյբոլի և բասկետբոլի  հրապարակներով: Ցանկապատվել է ամբողջ դպրոցի տարածքը, կատարվել է ծառատունկ:   
 
 
Միջազգային նախագծերի ղեկավար
Տաթևիկ Սիմոնյան
Հեռ.՝ + 374 10 500 561, + 374 99 88 00 23 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ