Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությունն Հայաստանում է


Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությունն Հայաստանում է

  • 25-09-2014 16:32:42   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի  զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Մարտին Լեդոլտերին և Հարավկովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Գյունտեր Զիմերին` Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում գործող և հետագա ծրագրերը քննարկելու նպատակով:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է հյուրերին Երևանում Ավստրիայի զարգացման համագործակցության գրասենյակ հիմնելու առթիվ:
«Համոզված եմ, որ գրասենյակի բացումը լայն հնարավորություն կընձեռի երկկողմ բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու համար և կնպաստի հայ-ավստրիական հարաբերությունների խորացմանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Այնուհետև նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները և գոհունակությամբ նշել, որ դրանցում իր մասնակցությունն է ունեցել նաև ավստրիական կողմը: Ավստրիայի զարգացման գործակալությունը գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացման և Արևելյան գործընկերության գյուղատնտեսության և գյուղի զարգացման 2014-2017 թվականների ծրագրերի համար տրամադրել է  շուրջ 1,5 մլն եվրո:
Պարոն Լեդոլտերը, արտահայտելով հետայսու ևս Հայաստանի հետ համագործակցելու պատրաստակամությունը, նշել է, որ գյուղատնտեսությունն  այն ոլորտն է, որն ունի գործակցության մեծ ներուժ, և ավստրիական կողմի հետ համատեղ գյուղատնտեսության զարգացման ծրագրերը կունենան շարունակական բնույթ: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի առաջիկայում Ավստրիա կատարվելիք պաշտոնական այցը հնարավորություն կտա ծանոթանալ տեղի փորձին և պետական ու մասնավոր ընկերությունների հետ տեղում քննարկել համատեղ իրատեսական ծրագրեր իրականացնելու հեռանկարները:
Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է ավստրիական կողմին քննարկել մի շարք հրատապ ծրագրերի, այն է` Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, ոռոգման ժամանակակից համակարգերի ու այգետարածքների կարկտապաշտպան ցանցերի  ներդրման, խորհրդատվական համակարգերի կատարելագործման համար ֆինանսավորման հնարավորությունները:
Նախարարը նպատակահարմար է համարել երկկողմ քննարկումների արդյունքներով կազմել եռամյա հեռանկարային ծրագիր, որում կընդգրկվեն վերը նշված նպատակներին հասնելու գործնական քայլերը:
 Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պարոն Լեդոլտերը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել հայկական կողմի ներկայացրած առաջարկություններն ու տեղեկացնել կայացրած որոշումների մասին: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play