ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի ներկայացուցչին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի ներկայացուցչին

  • 29-09-2014 18:18:00   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Էրվե Փիշոնին:
 
Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում Ֆրանսիայի ամենամտերիմ ու հավատարիմ գործընկերն է: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության նախարարությունը  շատ է  կարևորում ֆրանսիական կողմի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: 
 
Իր հերթին պարոն Էրվե Փիշոնը համառոտ ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, տեղեկացնելով, որ այն ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին նմանատիպ կառույց է: Նրա տեղեկացմամբ`Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտը հավաքագրում է աշխարհագրական տվյալներ, մասնավորապես` պտղատու և խաղողի այգիների, վարելահողերի և այլ հանդակների վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել նաև գյուղատնտեսության բնագավառում: 
 
Պարոն Փիշոնը համոզմունք է հայտնել, որ ինստիտուտի հավաքագրած և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ունեցած տվյալների համադրման արդյունքում հնարավոր կլինի ստանալ առավել ստույգ աշխարհագրական տեղեկություններ:  
 
Հյուրն անդրադարձել է նաև Հայաստանում նման ծրագրի իրականացման ֆինանսավորման հարցին և նշել, որ Ֆրանսիայի կառավարությունը հարավկովկասյան երկրների համար հատկացրել է ֆինանսական միջոցներ` նախնական բանակցություններ վարելու և համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
 
Նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է այս նախաձեռնությունը Հայաստանում իրականացնելու առաջարկը, նշելով, որ նման աշխատանք արդեն կատարվել է գերմանական GIZ կազմակերպության կողմից, և այսօր արդեն հայտնի է հանրապետության անտառային տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը:
 
«Մեզ համար շատ կարևոր է ունենալ հանրապետության խաղողի և պտղատու այգիների, վարելահողերի, դրանց օգտագործման մակարդակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ: Ելնելով հարցի կարևորությունից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել ծրագրի իրագործմանը՝ նրա բոլոր փուլերում», - նշել է  նախարարը:    
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում ենոր Պարոն Փիշոնի խոսքերով` անհրաժեշտ  ուսումնասիրություններից և Հայաստանի համար կարիքների հստակեցումից հետո անհրաժեշտ կլինի ստանալ պաշտոնական հայտաձև Ֆրանսիայի կառավարության կողմից ծրագրի ամբողջական ֆինանսավորումն ապահովելու համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play