Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

  • 30-09-2014 13:38:44   | Հայաստան  |  Տնտեսություն



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: 
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր: 
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը: Վարչապետի խոսքով՝ տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից է ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որը կառավարությունը հետևողականորեն շարունակելու է: 
Մարկ Հորթոնը գոհունակություն է հայտնել ԱՄՀ-ի կողմից մեր երկրի համար հաստատված եռամյա նոր ծրագրի առաջին փուլի կատարողականի վերաբերյալ և ընդգծել, որ նախանշված աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, առանց որևէ խոչընդոտի: 
Անդրադառնալով ՀՀ տնտեսության զարգացման միտումներին՝ Մարկ Հորթոնն առանձնացրել է հատկապես ավիացիայի և գյուղատնտեսության բնագավառներում արձանագրվող հաջողությունները, որոնք կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունք են: Միաժամանակ, պարոն Հորթոնն ընդգծել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու և նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կողմերն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ փոխգործակցությանն առնչվող այլ հարցերի: 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play