Հայ-լեհական մշակութային համագործակցության շրջանակը ներառել է գրեթե բոլոր ոլորտները.Հասմիկ Պողոսյան


Հայ-լեհական մշակութային համագործակցության շրջանակը ներառել է գրեթե բոլոր ոլորտները.Հասմիկ Պողոսյան

  • 08-10-2014 15:56:56   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի տեղակալ Պյոտր Ժուխովսկուն: 
Ողջունելով հյուրին, նախարարը կարևորել է վերջին տարիների հայ-լեհական մշակութային կապերի կայուն զարգացումը և այն փաստը, որ համագործակցության շրջանակը ներառել է գրեթե բոլոր ոլորտները՝ կինո, թատրոն, երաժշտարվեստ, մշակութային ժառանգություն, կերպարվեստ, գրականություն: Մասնավորապես, ս. թ. հունիսի սկզբին «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվել է լեհ աշխարհահռչակ ռեժիսոր Անջեյ Վայդայի ֆիլմերի ցուցադրությունը: Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում լեհ կինոռեժիսոր Պյոտր Ռոսոլովսկիի «Դոմինոյի էֆեկտ» ֆիլմն արժանացել է վավերագրական ֆիլմերի «Արծաթե ծիրան» մրցանակի, իսկ Լեհաստանում ստեղծագործող հայ կինոռեժիսոր Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» ֆիլմը «Հայկական համայնապատկեր» անվանակարգում արժանացել է «Ոսկե ծիրան» մրցանակի։ Փառատոնի շրջանակում անցկացվել է նաև Քշիշտոֆ Զանուսսի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Թատերական համագործակցության ոլորտում՝ այս տարի «ԶԱՌ» թատրոնի հիմնադիր և ղեկավար Յարոսլավ Ֆրետը Վարշավայի «Նովի տիատր» թատրոնում ներկայացրել է «Արմինե, քույր»  ներկայացումը` նվիրված հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին և Հայոց ցեղասպանությանը, իսկ սեպտեմբերի վերջին՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Վրոցլավում անցկացվող «Սթրիմ» մնջախաղի փառատոնին։ Երաժշտարվեստի ոլորտում իրականացված ծրագրերից է լեհ աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյակին նվիրված փառատոնը, որն իրականցվել է «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Ժառանգության ոլորտում՝ ս. թ. փետրվարի 27-ից մարտի 2-ը Գյումրիում տեղի է ունեցել «Հայկական հետք» լուսանկարչական բիենալեն` նվիրված Հայաստանի ժառանգությանը, որին Լեհաստանից մասնակցել է Եվա Աբգարովիչը: Հայ-լեհական գրական համագործակցության շրջանակում իրականացվել են գրական-թարգմանական ծրագրեր. թարգմանվել է Վիսլավա Շիմբորսկայի «Բերկրանք և հուսահատություն» բանաստեղծությունների ժողովածուն /2013 թ./, Յանուշ Վիշնևսկու «Գրանդ» վեպը, ինչպես նաև լեհ գրողները մասնակցել են «Գրական տապան» ծրագրին: 
Հանդիպման ընթացքում նախարարը գոհունակությամբ կարևորել է ս. թ. հունիսի 18-ին Սոպոտի արվեստի պետական պատկերասրահում՝ աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն նվիրված և ս. թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսները, որոնք իրականացվել են երկու երկրների Նախագահների հովանու ներքո: 
Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախանշվող միջոցառումներին: 
         Այնուհետև, կողմերը քննարկել են 2015 թվականի համագործակցության հարցեր՝ թանգարանային գործի, հուշարձանների վերականգնման, ֆիլմարտադրության, երիտասարդ մասնագետների վերապատրաստման, գրական-թարգմանական նախագծերի իրականացման  ուղղություններով:   
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play