Հաշվարկվում են հիմնական կենսաթոշակի չափերը


Հաշվարկվում են հիմնական կենսաթոշակի չափերը

  • 09-10-2014 14:38:42   | Հայաստան  |  Տնտեսություն

Հաստատվել է պարբերական զեկույցը
 
 
ՀՀ կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ հինգերորդ և վեցերորդ համատեղ պարբերական զեկույցը, որը սահմանված կարգով կթարգմանվի անգլերեն և կտրամադրվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Կառավարության որոշումներով վերակազմակերպման և վերակազմավորման միջոցով փոփոխվել է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և ևս չորս բաժինների կառուցվածքը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Գործադիրը հաստատել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցներով վերակառուցված շենքի բնակարանների բաշխման և հատկացման կարգը: Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել նույն մարզի Ճարճակիս համայնքում գտնվող մանկապարտեզի շենքը, որտեղ կիրականացվեն նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ ուսումնական ծրագրեր: 
Գեղարքունիքի մարզի Աստղաձորի դպրոցի ջեռուցման, Սյունիքի մարզի Կապանի 2-րդ ավագ դպրոցի տարածքի բարեկարգման, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղիի բանավանի, Գեղարքունիքի մարզի Գավառի 5-րդ և Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցների համար գույքի ձեռքբերման նպատակով կառավարությունը ավելի քան 73.5 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը:
 
 
Հաշվարկվում են հիմնական կենսաթոշակի չափերը
 
 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է աշխատանքային և զինվորական, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի դեպքում կիրառել հիմնական կենսաթոշակի առանձին չափ:
Կառավարությունը քննարկել է ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա առաջարկած փոփոխությունները պայմանավորված են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից երկուսի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Կառավարությունն իր հերթին է հանդես եկել առաջարկություններով, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի պատգամավորի օրինագիծը:
Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Լյովա Խաչատրյանի և Աբրահամ Մանուկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով միտված է ուսումնական հաստատությունների մանկավարժներին զերծ պահել քաղաքական գործընթացներից: Գործադիրն իր եզրակացությամբ մերժել է օրենքի լրացման անհրաժեշտությունը:
Նիստում քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հստակեցնել և միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնել գործող օրենքի 26-րդ հոդվածը, ինչին բացասական եզրակացություն է տվել կառավարությունը:
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
 
 
Այլ որոշումներ
 
 
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի զեկուցումը ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման կատարման վերաբերյալ: 2014թ. հոկտեմբերի 6-ի տվյալով կատարվել են փաստաթղթի բոլոր 15 կետերը:
Կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կառավարության որոշմամբ Երևանի «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն