Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքներին թբիլիսահայերը սպասել են ավելի քան 20 տարի
09-10-2014 16:45:08 | Վրաստան | Մշակույթ
8 հոկտեմբերի 2014թ….Օր, որին թբիլիսահայերը սպասել են ավելի քան 20 տարի…Օր, երբ սկսվեց Թբիլիսիի կենտրոնում գտմվող հայկական Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները…
Նորաշենի ամրացման աշխատանքների սկզբին նախորդում էր կառավարական հանձնաժողովի բազմամսյա աշխատանքը: Կառավարական հանձնաժողովի կազմում էին Վրաստանի Մշակույթի նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի, Վրաց Պատրիարքարանի, «Բազմազգ Վրաստան» և «21 դար» կազմակերպությունների ներկայացուցիչները: Կառավարական հանձնաժողովի հիմնական նպատակն է այն խնդիրների լուծման ուղիների մշակումը, որը չի կարողացել իր հանգուցալուծումը գտնել երկար տարիների ընթացքում:
Իսկ խնդիրը կայանում է նրանում, որ Վրաստանի անկախության ձեռքբերումից հետո, 1991թ.-ից պետությունը սկսել է վարել խտրական քաղաքականություն կրոնական «փոքրամասնությունների» հանդեպ: Խտրական քաղաքականության գոյության ամենավառ ապացույցը դարձավ այն, որ կրոնական շենքերը, որոնք մինչ խորհրդային բռնագրավումը պատկանում էին տարբեր կրոնական միաբանություններին (Հայ Առաքելական, Հռոմեական-կաթոլիկ, Լյութերական եկեղեցիներին և այլն), Վրաստանի անկախության հռչակումից հետո անցան Վրաստանի Պատրիարքարանի հովանու ներքո: Արդյունքում վրացական եկեղեցին իրականացրել է եկեղեցական շենքերի փաստացի բռնագրավում և նվաճում, հիմնականում հայկական և կաթոլիկ: Շատ եկեղեցիներ, որոնք առաջ հայկական էին, այսօր արդեն վերափոխվել են վրացականի… Այն եկեղեցական հաստատությունները (Թբիլիսիում և շրջաններում), որոնք վրացական եկեղեցին «չի հասցրել» նվաճել, հայտարարված են «վիճահարույց»:
Այսպես կոչված «վիճահարույց» եկեղեցիների դրությունը նախանձելի չէ… Եկեղեցական շենքերի պատկանելության վեճը արդեն ձգվում է 20 տարուց ավելի, միևնույն ժամանակ վեճի առարկաները ոչնչացվում են: Բառիս բուն իմաստով: Որոշ դեպքերում մտածված, որոշ դեպքերում էլ անուղղակի մտածված` բնական գործոնների ազդեցությամբ… Քրիստոնյա երկրում քրիստոնեական եկեղեցու ոչնչացման վերջին փաստը կատարվել է բոլորովին վերջերս` սեպտեմբերի 21-ին, երբ քանդվեց «վիճահարույց» Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը: Մինչ այդ քանդվել էր Սուրբ Նշանը, ավելի առաջ Մուղնեցոց Սուրբ Գևորգը և այլն:
Ամեն նման քանդվելու փաստից հետո պետությունը հրապարակայնորեն խոստանում է հետագայում թույլ չտալ երկրի մշակութային ժառանգության ոչնչացում, մինչդեռ իրականում ոչինչ չի փոխվում: Եկեղեցիները շարունակում են քանդվել…
Այդ կերպ, Նորաշենի ամրացման աշխատանքների մեկնարկը աննախադեպ առաջընթաց է: Մեռած վայրի տեղաշարժ… Դա առաջին վիճելի եկեղեցին է, որի ամրացումը իրականացվում է մինչ նրա քանդվելը կամ վնասվելը:
«Նորաշեն եկեղեցու ամրացման աշխատանքները կձգվեն մոտավորապես մեկ տարի: Աշխատանքներն իրականացնում է Վրաստանի մշակույթի նախարարությունը և տվյալ աշխատանքների նպատակն է թույլ չտալ եկեղեցիները ոչնչացումը: Հարկ է նշել, որ Նորաշեն տաճարի ամրացման աշխատանքներ սկսելու որոշումը հանձնաժողովը ընդունեց միայն այն բանից հետո, երբ մենք հարցից տարանջատեցինք քաղաքական գործոնը: Այսինքն հանձնաժողովը պայմանավորվել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ամրացնել եկեղեցու շենքը, թույլ չտալ նրա քանդվելը, և շենքը փրկելուց հետո միայն թող կողմերը նստեն և որոշեն, թե ում է պատկանում շենքը: Մենք կարծում ենք, որ դա միակ ճիշտ ուղին է: Հայկական և վրացական եկեղեցիները արդեն 20 տարուց ավել է, ինչ վիճում են եկեղեցական շենքերի պատկանելության շուրջ, և միաժամանակ Մենք Վրաստանի քաղաքացիներս և վիրահայերս, կորցնում ենք պատմամշակութային ժառանգության հուշարձանները… Այդ քաղաքականության պատճառով մենք արդեն կորցրել ենք շատ ժամանակ և շատ հուշարձաններ: Եկել է մոտեցումը փոխելու ժամանակը: Նորաշենի ամրացման աշխատանքերի սկիզբը տվյալ հարցի շուրջ քաղաքականության փոփոխության արդյունք է: Եկեղեցին կամրացվի, կպաշտպանվի ոչնչացումից: Բարեբախտաբար մենք ականատեսը չենք լինի, թե ինչպես է ոչնչանում Նորաշենը մյուս եկեղեցիների նման… Հանձնաժողովի որոշմամբ կամրացվեն հիմքը և պատերը: Ինչ վերաբերում է արտաքինին, ապա նրան ոչ ոք չի դիպչի: Ամեն ինչ կմնա ինչպես որ կա», -խմբագրության հետ զրույցում ասաց կառավարական հանձնաժողովի անդամ, «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:
Դե´ ինչ: Նորաշեն տաճարի հարցը շարժվեց մեռաց տեղից… Թե ինչո՞վ կավարտվի եկեղեցու պատկանելության «վիճելի» հարցը կախված է մեզնից յուրաքանչյուրից: Կախված է նրանից, թե ինչքան արդյունավետ կկարողանա վիրահայությունը համակարգել իր քայլերն այդ ուղղությամբ և պաշտպանել իր արդար շահերը:
Ցավոք, այն պայմաններում, որտեղ մենք ապրում ենք, ստիպված ենք ապացուցել այն, ինչ այնպես էլ պարզ է բոլորի համար… Ստիպված ենք ապացուցել, որ հայկական եկեղեցական ճարտարապետության բոլոր կանոնների համաձայն և տեսանելի ապացույցով` ներքին գեղանկարչության և ինտերիերի տեսքով կառուցված եկեղեցին հայկական է… Էլ չենք խոսում այն մասին, որ գոյություն ունեն բազում հաստատող փաստաթղթեր և վկայականներ, որոնք փաստում են, որ Նորաշենն ու այլ եկեղեցիները բացի մեզնից` հայերից, ուրիշ ոչ ոքի չեն պատանում: Ահա այսպիսի իրականություն: Այն չի կարելի հասկանալ և արդարացնել, բայց անհրաժեշտ է հաշվի առնել և իրականությանը դիմակայել և մեր համառությամբ ու նպատակաուղղվածությամբ հասնել խնդրի արդար լուծմանը: