12-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում էր «Փառատոնային իրարանցում» խորագիրը


12-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում էր «Փառատոնային իրարանցում» խորագիրը

  • 09-10-2014 18:11:06   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն  այս տարի անցկացվեց հոկտեմբերի 1-8-ը: 12-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում էր «Փառատոնային իրարանցում» խորագիրը: 
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ին այս տարի հյուրընկալվել էին 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն: 
Փառատոնի բացումը կայացավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ: 
Երևանյան 10 բեմահարթակներում ցուցադրվեց ավելի քան 50 ներկայացում:
Թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հյուրերը անցկացրեցին վարպետության դասընթացներ: 
Փառատոնի նշանավոր ներկայացումներից էին  «Ջուրը`գդալ-գդալ» ներկայացումը (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ չպաշտպանելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան`արգոնավորդների հետ»:  
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես եկան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: 
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը նաև ուսանողներին հնարավորություն տվեց ներկայացնել իրենց աշխատանքները «ԱՐՄՍ ՖԵՍՏ» ուսանողական ծրագրում: 
Բոլորր ներկայացումների մուտքը անվճար է եղել, բացառությամբ բացման ներկայացումը (հրավիրատոմսերով): Այս հանգամանքը հնարավորություն տվեց ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: 
Փառատոնն ամփոփվեց երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում. փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: 
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):
 
Ս.թ. հոկտեմբերի 9-ին Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կայացած ասուլիսին մասնակցում էին. «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play