ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արագածոտնի մարզում կարևորել է կոոպերատիվների ստեղծումը


ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արագածոտնի մարզում կարևորել է կոոպերատիվների ստեղծումը

  • 10-10-2014 18:17:49   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով մասնակցել է  մարզի խորհրդի նիստին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը զեկուցել է աշնանացանի գործընթացի կազմակերպման մասին: Նրա տեղեկացմամբ, ընթացիկ տարում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները կազմել են 26,261 հեկտար, 2013 թվականի 24,424 հեկտարի դիմաց, ընդ որում ցորենի ցանքատարածություններն  ավելացել են 480 հեկտարով, իսկ գարու ցանքատարածությունները՝ 1272 հեկտարով։ Նա նշել է նաև, որ  մարզում արդեն կատարվել է 9200 հեկտար աշնանացան, սակայն մինչև տարեվերջ այն կհասնի 12 000 հեկտարի:
«Քանի որ գյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին,  և բերքահավաքի  մոտ 90 տոկոսն արդեն  իրականացվել է,  մենք կազմակերպում ենք հանդիպումներ մարզերում,  որպեսզի  քննարկենք կատարված աշխատանքներն ու լուծում տանք առկա խնդիրներին », - նշել է նախարարը:
Նախարար Սերգո Կարապետյանը  մարզխորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում իրակացվող ծրագրերը և տեղեկացրել , որ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում գյուղացիներին մատչելի պայմաններով տրամադրվում են սերմացուներ, պարարտանյութեր, դիզելային վառելանյութ, ինչպես նաև գյուղատնտեսական վարկեր: Նախարարը հավաստիացրել է, որ այս ծրագրերը հաջորդ տարի նույնպես կշարունակվեն և հորդորել է    մարզում իրականացվող աշնանացանի ծավալներն ավելացնեն:
Նախարարը կարևորել է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագիրը  և նշել է, որ մանր գյուղացիական տնտեսությունների հզորացման   միակ ճանապարհը միավորումների և կոոպերատիվների ստեղծումն է:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկաներին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 11- ից մեկարկելու է  Գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը: Նախարարը կարևորել է այս  ծրագիրը և նշել է, որ այն հնարավորություն կտա  պարզել  գյուղատնտեսության ոլորտի իրական պատկերը:
 Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակն է տեղեկություններ հավաքագրել գյուղատնտեսական նշանակության հողերի, կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունների, մարդկային, նյութական ներուժի և դրանց օգտագործման վերաբերյալ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են,  որ հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  նշել է, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանարպետությունում նշվելու է Գյուղատնտեսության  աշխատողի օրը, որի առթիվ շնորհավորել է մարզի բնակիչներին  և մաղթել բարեբեր տարի:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն