Լույս է տեսել Վահրամ Րաբունու «Հավատքի դավանություն» աշխատությունը
15-10-2014 12:58:29 | Արմավիրի մարզ | Նոր գրքեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հայ Եկեղեցու 13-րդ դարի նշանավոր եկեղեցական Վահրամ Րաբունու «Հավատքի դավանություն» աշխատությունը:
Կիլիկյան Լևոն Գ թագավորի ատենադպիր, աստվածաբան, իմաստասեր, պետական գործիչ Վահրամ Րաբունու մատենագրական ժառանգությունը մինչև այժմ համակողմանիորեն ուսումնասիրված, արժևորված և անգամ աշխարհաբարի վերածված չէ: Սույն գրքում առաջաբանով և ծանոթագրություններով հանդերձ ներկայացված է Վահրամ Րաբունու «Խոստովանութիւն հաւատոյ» աստվածաբանական երկի աշխարհաբար թարգմանությունը` կատարված Տ. Վահրամ քահանա Մելիքյանի կողմից:
Իր ճառում Վահրամ Րաբունին շարադրում է Հայ Եկեղեցու վարդապետությունը Սբ Երրորդության և Հիսուս Քրիստոսի փրկական տնօրինության մասին: Ճառագիր վարդապետը փորձում է մարդկային մտքին ընկալելի լեզվով մեկնել Սբ Երրորդության անճառելի և անհաս խորհուրդը` ասվածը հիմնավորելով սուրբգրային մեջբերումներով և զանազան օրինակներով: Նա պարզաբանում է նաև մի շարք աստվածաբանական եզրեր և հասկացություններ` մեկնաբանելով դրանք ուղղափառ տեսանկյունից:
Գիրքը նախատեսված է աստվածաբանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանությամբ և եկեղեցական մատենագրությամբ հետաքրքրվողների համար:
Գիրքը տպագրվել է մեկենասությամբ տեր և տիկին Էդգար և Մարիաննա Ղազարյանների: