Դպրոցը՝ տնօրենի սեփականությունը չէ և երեխայի կրթության կազմակերպումն իր մենաշնորհը չէ.Անահիտ Բախշյան


Դպրոցը՝ տնօրենի սեփականությունը չէ և երեխայի կրթության կազմակերպումն իր մենաշնորհը չէ.Անահիտ Բախշյան

  • 16-10-2014 11:59:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հանրապետության շատ դպրոցներ  իրենց փակ դռներով ու  ծնողների նկատմամբ անսահման բացասական իշխանությամբ հիշեցնում են  քրեակատարողական հիմնարկներ, որտեղ սահմանված են հարազատների հետ ընդունելության օրեր ու ժամեր: Ծնողն ի՞նչ իրավունք ունի դասերի ժամանակ մտնել դպրոց, հայտարարում են  որոշ տնօրեններ, որը հովանավորվում է պաշտոնյաների կողմից: Շատ հաճախ է այս  պատասխանը հնչում  տնօրենների շուրթերից , երբ ծնողները բարձրաձայնում են  այն  մասին,  որ ծնողը դպրոց մտնելու իրավունք   ունի միայն դասերի ավարտից՝ օրինակ ժամը  14.20-ից հետո, այն դեպքում, երբ    տարբեր   դասարաններում   դասերն ավարտվում են տարբեր ժամերի  և  ծնողները  հազար ու մի  հարցով՝   ուսուցչին, փոխտնօրենին, տնօրենին  տեսնելու, բուֆետի գործունեությունն ու այնտեղ վաճառվող սննդամթերքի որակին հետևելու  և այլ նպատակներով մինչև դասերի ավարտը անհրաժեշտություն ունեն մտնել դպրոց: Ենթադրենք ծնողն   ուզում է  համոզվել, որ զուգարաններում համապատասխան թուղթ ու օճառ կա կամ այդ օրը  մաթեմատիկայի ժամին  ուզում է լսել իր երեխայի պատասխանը   և  համոզվել, որ  տանը  ճի՞շտ է արդյոք ինքը ուղղություն տվել իր  երեխային:  Արգելվում է և վերջ: 
Շատ տգեղ է այս երևույթը, եթե չասեմ անօրինական: «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով  սահմանված են  ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցները, որի երկրորդ կետում նշված է՝ ծնողը: Հոդված 28-ում սահմանված են    Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները, որտեղ գրված է. « Սովորողի ծնողն իրավունք ունի   համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով»: Իսկ կրթության կազմակերպման հարցերի մեջ ներառվում են շա՜տ անհատական  խնդիրներ  ու հարցեր, որոնք ունենում են ծնողները  և  նրանք օրենքով իրավունք ունեն  դպրոց մտնել ցանկացած ժամի: Ընդամենը  պետք է ծնողների  օգնությամբ  այն  խելացի կերպով կանոնակարգել ու համակարգել և այն սահմանել դպրոցի ներքին կանոնակարգով:
Եթե օրենքով ծնողը կրթական գործընթացի մասնակից  է  և իրավունք ունի  համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով, սակայն նրան  թույլ են տալիս են  մտնել դպրոց միայն դասերից հետո, ապա արգելող տնօրեններն ինչպե՞ս են պատկերացնում  նրանց մասնակցությունն այդ  գործընթացին, եթե  իհարկե  գիտեն օրենքը : 
Դպրոցը՝ տնօրենի սեփականությունը չէ և նամանավանդ երեխայի կրթության կազմակերպումը իր մենաշնորհը չէ, դպրոցը թաքցնելու ոչինչ չպետք է ունենա և յուրաքանչյուր   ծնող ոչ միայն իրավունք  ունի, այլև պարտավոր է մասնակցել կրթական գործընթացին և պահանջել հաշվետվություն դպրոցի տնօրենից:  Եթե ծնողները  չեն  տիրապետում օրենքին, ես դա հասկանում եմ, իսկ տնօրենները՞: Փաստորեն իրենք էլ  օգտվում են այդ չիմացությունից: 
 Ծնողներին  մասնակից դարձնելով կրթական գործընթացին, տնօրենների գործունեությունը  ուզեն, թե չուզեն, դառնում է երեխայակենտրոն, մեծանում է վստահությունը   դպրոցի տնօրինության գործունեության նկատմամբ  և շահում է դպրոցի հեղինակությունը: Եթե կրթական գործընթացին ծնողների մասնակցությունը  ճիշտ, խելացի  կազմակերպվի  ու  բխի յուրաքանչյուր  երեխայի կրթության իրավունքից, ապա  ծնողը  կստանձնի իր պարտականություններից  բխող կրթության կազմակերպման պատասխանատվության  իր բաժինը: Նման դպրոցներում մեծավմասամբ ծնողական խորհուրդներն  իրենց երեխաների  կրթության  շահերը և իրավունքները պաշտպանելու փոխարեն, վեր են ածվում  տնօրինությանը  մոտ կանգնած  և  ցանկացած պարագայում տնօրենների  պաշտպանների: Հիմնականում այդ տնօրենների   գործունեության մեջ   բացակայում  է  նախաձեռնողականությունը, ստեղծագործ  մոտեցումը,  ինքնավարությունն   ու ինքնակառավարումը:  Այնինչ,  համագործակցելով   ծնողների հետ  նրանք կգտնեին ցանկացած խնդրի  լուծման ճիշտ ճանապարհն ու կապահովագրեին իրենց այդ «Թեժ  գծեր»-ից:
 
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ