Հայ որբերի գործած գորգը նոյեմբերին կցուցադրվի Սպիտակ տանը
16-10-2014 16:16:47 | ԱՄՆ | Մշակույթ
Վաշինգտոն- Ամերիկայի հայկական համագումարը ուրախ է տեղեկացնել, որ Սպիտակ տունը համաձայնել է իր իսկ այցելուների կենտրոնում նոյեմբերի 18-23-ը հանրորեն ցուցադրել հայ որբերի գործած գորգը, - հաղորդում է Համագումարը: Համաձայն նախապես Համագումարին հաղորդած Սպիտակ տան հայտարարության` գորգը կցուցադրվի «Շնորհակալություն Միացյալ Նահանգներին. Երեք նվեր նախագահներին` ի երախտագիտություն Ամերիկայի մեծահոգությանը արտերկրում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում :
Համագումարը աշխատել է Կոնգրեսի անդամների և Սպիտակ տան հետ` ապահովելով խորհրդանշական գորգի ցուցադրումը, որը 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ գործել են որբանոցի հայ աղջիկները: Քուլիջի գորգը հայտնի դարձավ անցած տարի, երբ Սմիթսոնյան Ինստիտուտում գորգի պլանավորված ցուցադրությունը հետաձգվել էր: Լրատվամիջոցներում հաղորդվում է, որ թուրքական կառավարությունը, ի վերջո, խոչընդոտեց պլանավորված ցուցադրությունը:
Անցած տարվա նոյեմբերին կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն Կոնգրեսի ավելի քան 30 անդամների կողմից ստորագրված նամակ էին ուղղել Սպիտակ տանը, որում կոչ էին անում թույլատրել գորգի ցուցադրությունը: Սենատոր Էդ Մարքին նույնպես նամակ էր ուղղել Սպիտակ տանը: Կոնգրեսում Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնեն այսօրվա հայտարարության վերաբերյալ ասաց. «Սպիտակ տունը պատմական ճշմարտությունը ճանաչելու կարևորագույն քայլ արեց` ցուցադրելով հայ որբերի գործած գորգը: Հայ ժողովրդի անունից այս գորգը նվիրել էին նախագահ Քալվին Քուլիջին` ի երախտագիտություն Հայոց ցեղասպանության ընթացքում Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության: Արդյունքում այս մշակութային գանձը դարձել է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ամուր ու պատմական կապերի խորհրդանիշ»:
Ավելի քան մեկ տասնամյակ Համագումարը կոչ է արել Սպիտակ տանը և ԱՄՆ պետքարտուղարությանը թույլատրել հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը: Սմիթսոնյան ինստիտուտում հետաձգված ցուցադրությանը հաջորդեց Համագումարի ձեռնարկած «Ցուցադրել գորգը» քարոզարշավը: Համագումարը աշխատել է «Նախագահ Քալվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի հեղինակ դոկտոր Մարտին Դերանյանի հետ` բարձրացնելով այս պատմական գորգի մասին իրազեկվածությունը: Ի լրումն դրա, Մասաչուսեթսում և Ֆլորիդայում Համագումարը ցուցադրել է նույն որբերի գործած «Քույր գորգը»: Սույն թվականի նոյեմբերի 6-ին Կալիֆորնիայում նույնպես պլավանորվում է «Քույր գորգի» ցուցադրությունը:
«Հայ որբերի գործած գորգը, որը նվիրել էին նախագահ Քուլիջին` ի երախտագիտություն Ամերիկայի` Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկելու մարդասիրական միջամտության համար, Ամերիկայի պատմության թանկարժեք մասնիկն է»,- հայտատարում է Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին` հավելելով. «Մենք ողջունում ենք Սպիտակ տան այսօրվա հայտարարությունը և ակնկալում ենք այս պատմական գորգի շարունակական ցուցադրությունը»: