Մայրաքաղաքի 568 շենքերի հարթ և 597 շենքերի թեք տանիքներն արդեն վերանորոգվել են


Մայրաքաղաքի 568 շենքերի հարթ և 597 շենքերի թեք տանիքներն արդեն վերանորոգվել են

  • 20-10-2014 17:33:58   | Հայաստան  |  Տնտեսություն

Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագրով ընթացող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի 568 շենքերի հարթ և 597 շենքերի թեք տանիքներն արդեն վերանորոգվել են, ընդ որում՝ թվով 37 շենքերում դրանք հիմնանորոգվել են: Զեկուցվել է, որ շարունակվում է փողոցների, մայթերի ու այգիների սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողությունը:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին, այդ թվում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքներն ու հատուկ ուշադրություն դարձնել հասարակական ու արտադրական օբյեկտների տնտեսվարողների կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու նկատմամբ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր քայլերը: Հանձնարարվել է նաև աշխատանքներ տանել փողոցները, մայթերն ու  այգի-պուրակները տերևաթափից մաքրելու ուղղությամբ՝ բացառելով կուտակված տերևների այրման դեպքերը:
Անդրադառնալով հանգստյան օրերին Կարմիր բլուր 5 հասցեում բնակիչների միջամտության հետևանքով գրանցված կոյուղատար համակարգի խցանման վթարավերականգնման աշխատանքներին՝ զեկուցվել է, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, արագ արձագանքելով խնդրին, տեղում կատարել են ուսումնասիրություններ և ձեռնարկել համապատասխան քայլեր: 
«Շնորհակալ եմ ԱԻՆ-ին, ոստիկանությանը, որ արագ արձագանքել են: Վարչական շրջանի ղեկավարը՝ աշխատակազմի պատասխանատուների հետ, ինչպես նաև «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցներն ու քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետն՝ իր աշխատակիցների հետ, ոչ աշխատանքային օրով օպերատիվ արձագանքել են և տեղում անմիջապես ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր՝ լուծումներ տվել: Մեզ համար կարևոր է, որ երևանցիները համոզված և վստահ լինեն, որ նույնիսկ ոչ աշխատանքային օրերին, գիշերվա ցանկացած ժամի, անգամ լուսադեմին քաղաքապետարանի բոլոր ծառայություններն իրենց կողքին են»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն