Հոկտեմբերի 21-ին վրացական խոշորագույն թերթերից մեկը «Կվիրիս պալիտրան» հարցազրույց է հրատարակել Բաթումիից 26 ամյա նախկին իրավապաշտպանի հետ: Անկեղծ ասած վրացական հանրությունը ոչ հատուկ ոգևորությամբ է «լսում-կարդում» իրավապաշտպանների խոհերը: Մինչդեռ Բաթումիից նախկին իրավապաշտպանի հետ հարցազրույցը լուրջ ռեզոնանս է առաջացրել հասարակության մեջ… Դրա պատճառը գուցե այն է, որ այսօր Բաթումիի նախկին իրավապաշտպանն այլևս չի պաշտպանում Աջարիայի մուսուլմանների իրավունքները: Նա «պաշտպանում է» մուսուլմանների գլոբալ իրավունքները… Այսօր 26 ամյա իրավապաշտպան-տնտեսագետ Թամազ Ճաղալիձեն Բաթումիից «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ է և կռվում է Սիրիայում:
- 5 տարվա ընթացքում խաղաղ ճանապարհով պայքարել եմ հանուն Աջարիայի մուսուլման բնակչության իրավունքների պաշտպանության: Բայց ինչպես տեսնում եք, այն պատճառով, որ ես պահանջել եմ մեր իրավունքների պաշտպանությունը, ես ստիպված եմ եղել լքել Հայրենիքը… Լավ կլիներ, եթե պետությունը հաշվի առներ մեր կարծիքը… Հիմա աշխարհը շատ է փոխվել: Սկսվել են այնպիսի գործընթացներ, որոնք այլևս հնարավոր չէ դադարեցնել: Արդեն ոչ ոք չի փախչի մեր առջև պատասխանատվությունից, ոչ ոք չի փրկվի:
Դուք ի՞նչը նկատի ունեք: Ի՞նչ գործընթացների մասին եք խոսում և ո՞ւմ վրա եք դնում պատասխանատվությունը:
- Պատասխանատվությունն ընկած է Պատրիարքարանի և քաղաքական գործիչների վրա: Նրանք պատասխան կտան, որ այսքան տարիների ընթացքում ստորացրել և վարկաբեկել են երկրի մուսուլմաններին: Երբ սկսվի քաղաքացիական արյունահեղությունը, ոչ ոք չի փախչի պատասխանատվությունից: Ես հինգ տարիների ընթացքում նախազգուշացնում էի, որ ամեն ինչ կարող է վատ ավարտվել: Ինձ լսող չկար… Հիմա արդեն պատասխանատվությունն այն ամենի, ինչ կատարվելու է, ընկած է նրանց վրա:
Պետությունը չի՞ կարող արդյոք ուղղել իրավիճակը:
- Ինձ համար պետությունն արդեն մեռած է: Երբ մենք պաշտպանում էինք Աջարիայում ապրող մուսուլմանների արդար իրավունքները և խոսում էինք իրական խնդիրենրի մասին, հատուկ ծառայությունները միաձայն ասում էին, որ մեզ` իրավապաշտպաններիս, անհրաժեշտ է աքսորել երկրից: Հիմա անհրաժեշտ է, որպեսզի դադարեցվեն Աջարիայի մուսուլմանների հետապնդումները: Պետությունը պետք է թուլատրի մուսուլմաններին մզկիթ կառուցել քաղաքի կենտրոնում: Փակված մզկիթները և հանրակացարանները պետք է վերաբացվեն: Ոստիկանությունը պետք է դադարեցնի մեր գործերին խառնվելը և պետք է դադարեցնի իմամներ և մուֆթիներ նշանակել: Անհրաժեշտ է դադարեցնել արմատական իսլամիստների հետապնդումները: Պետությունը պետք է թույլ տա դասավանդել Ղուրանը Աջարիայի Հանրային հեռուստատեսությամբ:
Դուք երևի ինքներդ էլ հասկանում եք, որ անիրական պահանջներ եք
առաջադրում: Աջարիայում շատ մարդիկ կան, որոնք արդեն հրաժարվել են իսլամից և ընդունել են քրիստոնեությունը: Դուք գիտե՞ք, որ մզկիթի կառուցման դեմ Բաթումիում բազմաթիվ ցույցեր են անցկացվել, որին մասնակցել են հենց իրենք` Աջարիայի բնակիչները:
- Ի՞նչ մարդկանց մասին եք խոսում: Նրանց, ում քրիստոնեականացնելու համար ծախսվել է 36 000 000 լարի: Թե՞ դուք այն միտինգների մասին եք խոսում, որոնց կազմակերպման համար ծախսվել է 2 000 000 լարի: Չէ՞ որ Աջարիան Ինքնավար Հանրապետություն է: Մուսուլմանների դեմ են դուրս գալիս երկրի այլ շրջաններից եկած մարդիկ… Դու գիտեք, չէ՞, որ Աջարիայի բնիկ բնակչությանը աքսորել են Ինքնավար Հանրապետությունից, և նրանց փոխարեն ուրիշ մարդկանց են բերել Կախեթիից, Թբիլիսիից… Մեզ` Աջարացիներիս, ոչ ոք ոչինչ չի հարցրել: Եվ այդպես շարունակվում է արդեն 25 տարի: Մենք հիանալի գիտենք` ինչ է կատարվում և ամեն ինչ հիշում ենք: Հիմա արդեն ետդարձի ճանապարհ չկա: Մենք չենք պատրաստվում երկխոսություն անցկացնել ոչ հավատացյալների (ոչ մուսուլմանների -խմբ.) հետ: Մենք ինքներս կորոշենք` ինչը ինչպես պետք է լինի:
Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր ոչնչում մեղավոր չեն, չէ՞ որ նրանք կարող են տուժել:
- Ո՞ւմ մասին եք խոսում: Ո՞վ ոչ մի բանում մեղավոր չի: Նա, ով թույլ չի տալիս փոքր երեխաներին ներս մտնել ուսումնական հաստատություն, ով խոզ է մորթում մուսուլմանական դպրոցի շեմին, թե՞ նա, ով հացի կտորն է խլում արմատական մուսուլմանից: Ովքե՞ր են այդ անմեղ մարդիկ: Թե՞ անմեղ մարդիկ նրանք են, ովքեր վռնդեցին աջարացիներին Աջարիայից և բնավորվեցին նրանց տներում: Երկար տարիների ընթացքում մեզ դարձրել են ստրուկներ մեր իսկ Հայրենիքում: Մենք քրիստոնյաների ստրուկներն ենք: Եթե այդ մասին բարձրաձայն ոչ ոք չի ասում, դա չի նշանակում, որ մենք դա չգիտենք և չենք հասկանում… Տվե´ք ինձ գեթ մեկ մուսուլմանի անուն, որը դարձել է նախարար:
Ահա, օրինակ եհովաներին պաշտպանում է Եվրոպան և Ամերիկան… Բոլորովին վերջերս Ստրասբուրգյան դատարանը մի «եհովային» պատճառած վնասի համար Վրաստանին պարտադրել է վճարել է 500 000 լարի… Իսկ ի՞նչ է կատարվում մուսուլմանների հետ: Ադիգենի մունիցիպալիտետում մուսուլմաններին հալածում են, դրան գումարած ստիպում են տուգանք վճարել միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են խոսել իրենց իրավունքների մասին… Որևէ մեկը պաշտպանե՞ց Ադիգենի մուսուլմաններին:
25 տարվա ընթացքում Աջարիայի ավելի քան 100 000 մուսուլմանի ստիպել են ընդունել ուղղափառ քրիստոնեությունը: Ո՞վ կվերադարձնի մեզ այդ մարդկանց: Ի՞նչ անմեղ մարդկանց մասին եք դուք խոսում: Այդ մարդիկ կաղաչեն ներել իրենց… Ես պատրաստ եմ մեռնել, բայց խոստանում եմ, որ մենք կստիպենք բոլորին պատասխան տալ իրենց արածների համար: Դուք կարծում եք` ես հիմա՞ր եմ և «օդի մեջ» եմ խոսո՞ւմ: Ոչ: Շուտով արդարության օրը կգա:
Ինձ պատժել են միայն այն բանի համար, որ ես իրական խաղաղություն էի ցանկանում մուսուլմանների և քրիստոնյաների միջև: Առաջ ես պայքարում էի քաղաքացիական խաղաղության համար, հիմա կռվում եմ հանուն Շարիաթի: Թող բոլորն իմանան, որ մենք նրանց նախազգուշացրել ենք… Բոլոր նրանք, ովքեր ինձ առաջարկել են տուն, փող, մեքենա քրիստոնեությունն ընդունելու դիմաց, բոլորը կզղջան դրա համար…
Ստացվում է, որ Դուք Աջարիային Ջիխադ եք հայտարարել:
- Ջիխադը պայքար է անհավատների դեմ: Մենք ուզում ենք դառնալ շահիդներ, ուզում ենք դրախտ տեսնել: Այն ամենն, ինչ գրված է Ղուրանում, իրականություն կդառնա: Մինչ հաղթանակը մեզ շատ քիչ է մնացել… Ինչպես մեր մայրերին են ստիպել արտասվել, այդպես կարտասվեն շատ մայրեր… Եթե մեր երխաներին սովորելու հնարավորություն չտան, ապա վատ կլինի: Ջիխադը գլոբալ երևույթ է: Ջիխադի համար սահմաններ գոյություն չունեն...
http://armenian-community.ge/News/824