Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում տեսաբան, Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող Կրոնական Կազմակերպությունների Խորհրդի ղեկավար Բեքա Մինդիաշվիլու հետ հարցազրույցը.
Հոկտեմբերի 27-ին վարչապետը հասարակությանը ներկայացրեց երկու տարվա ընթացքում Կառավարության կատարած աշխատանքի մասին հաշվետվություն: Հաշվետվության ընթացքում վարչապետն անդրադարձավ շատ թեմաների և հարցերի, մինչդեռ մի բառ անգամ չասաց Անկախ Վրաստանի ծննդյան օրվանից գոյություն ունեցող խնդրի` երկրում կրոնական անհանդուրժողականության մասին, որի վերջին դեպքը Մոխե գյուղի իրադարձությունների օրինակն է: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ վարչապետը շրջանցեց այդ թեման:
- Վերջերս Մոխե գյուղում տեղի ունեցած դեպքերը Կառավարության ամենալուրջ անհաջողություններից մեկն է, միաժամանակ դա կրոնական փոքրամասնությունների խմբերի նկատմամբ վարած նպատակաուղղված խտրական քաղաքականության արդյունք է: Այդ խտրական քաղաքականությունը հատկապես ցայտուն է արտահայտվում երկրի մուսուլմանների նկատրմամբ: 2012թ.-ից երկրում կատարվել է 6 խոշոր խտրական փաստ մուսուլման համայնքի նկատմամբ, երեք անգամ անմկիջական հարձակումներ են իրականացվել, այդ թվում նաև պետության կողմից կազմակերպված գործողություններ Ճելա և Մոխե գյուղում: Միաժամանակ պետությունը ոչինչ չի անում խտրականությունը կանխելու համար… Այս ամբողջ ընթացքում կատարվածի համար ոչ ոք պատիժ չի կրել: Դա շատ լուրջ խնդիր է ինչպես իշխանության համար, այնպես էլ ողջ երկրի: Դա սպառնալիք է մեր անվտանգության և պետականության հանդեպ: Իսկ այն փաստը որ վարչապետը բառ անգամ չասաց գոյություն ունեցող սպառնալիքի մասին, հաստատում է այն ենթադրությունը, որ ստեղծված խնդրահարույց իրավիճակի մեղքը և պատասխանատվությունն ընկած է հենց կառավարության ուսերին:
Ի՞նչ է ստանում իշխանությունը նման իրավիճակից, և ինչո՞ւմ է նրա շահագրգռվածությունը: Չէ՞ որ ամեն ինչ պետք է ունենա իր պատճառները:
- Ինչ էլ որ նրանք շահեն նման իրավիճակից, դա երկրի շահերից չի բխում: Այն ինչ արվում է այդ ուղղությամբ խոսում է իշխանության անիրազեկության մասին: Դժվար է հասկանալ և բացատրել ինչո՞ւմ է իշխանության շահը….
Կրոնական հարցերով Պետական գործակալությունը վերջերս հայտարարել է, որ կստեղծվի հաձնաժողով վիճահարույց շենքի պատկանելության հարցը որոշելու համար: Չի՞ ուշանում արդյոք այդ լուծումը:
- Դա մեծ հիմարություն է: Պետությունը ստեղծել է կրոնական հարցերով նախարարության նման մի բան: Նման կառույցի ստեղծումը շատ է նմանվում խորհրդային համակարգի վերադարձին: Այն ժամանակ ևս պետությունը խառնվում էր կրոնական միավորումների գործերին: Ղեկավարում և վերահսկում էր նրանց: Նորաստեղծ գործակալության միակ խնդիրն է վերահսկել կրոնական միավորումների գործունեությունը և ստիպել նրանց անել այն, ինչ ուզում է կառավարությունը: Իսկ թե ի՞նչ է ուզում Կառավարությունը, մենք բոլորս շատ լավ տեսնում ենք:
Վերջերս կրոնական հարցերով պետական գործակալության նախագահը բացեիբաց հայտարարեց, որ «եթե առաջ կրոնական միավորումների հետ կապված հարցերը ընկալվում էին կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում, ապա այսօր վերաբերմունքը խնդիրների հանդեպ փոխվել է, և դրանք ուսումնասիրվում են անվտանգության համատեքստում»: Այն, ինչ այսօր արվում է, դա անվտանգության խախտման անմիջական ճանապարհ է, և կարծիք է ստեղծվում, որ այդ ամենն արվում է մտածված:
Այն, ինչ վերաբերում է հանձնաժողովի ստեղծմանը, արդեն իսկ պարզ է, թե ինչ որոշում կընդունի այն: Հենց խոսակցությունն այն մասին, թե հանձնաժողովը կուսումնասիրի շենքը, նյութը, ինչից այն կառուցված է և այլն, անհեթեթություն է: Ավելին, մուսուլմանների համար դա ուղղակի վիրավորանք է… Հանձնաժողովի ստեղծումը հերթական օրինակն է, որ իշխանությունը կրոնական մեծամասնության շահերն է պաշտպանում:
2004թ.ից գոյություն ունի կաթոլիկ «վիճահարույց» եկեղեցիների հարցերով հանձնաժողով, գոյություն ունի նաև հայկական «վիճահարույց» տաճարների հարցերով հանձնաժողով: Իրականում հանձնաժողովը հարցի լուծումը ձգձգելու լավ միջոց է: Այդ հանձնաժողովները այդպես էլ ոչինչ չորոշեցին, նրանք միայն ժամանակ են ձգում և ոչ մի որոշում չեն ընդունում:
Եթե պետությունը ցանկանար լուծել այդ հարցերը, ապա չէր ստեղծվի ոչ մի հանձնաժողով: Ինչի՞ համար է պետք հանձնաժողով հասկանալու համար շենքը կաթոլիկ է, թե՞ վրացական: Չէ՞ որ դա այսպես էլ հասկանալի է: Նույն բանը նաև հայկական եկեղեցիների հետ է կատարվում: Բոլորը գիտեն, չէ՞, որ դրանք հայկական եկեղեցիներ են: Ուրեմն վերադարձրե´ք նրանց իրենց տաճարները: Իսկ չեն վերադարձնում, որովհետև կրոնական մեծամասնությունը վարում է բռնատիրական քաղաքականություն, և այդ բռնատիրությունն իրականացնելու համար օգտագործում է Պետությանը: Իր հերթին պետությունը ևս վարում է բռնատիրական քաղաքականություն և օգտագործում տարբեր գործիքներ:
Կարելի է ուղղակի ասել, որ նման քաղաքականությունը կհասցնի երկրին ողբերգության: Այս գործընթացը պետք է դադարեցվի: Պետությունը պետք է գործի օրենքի և սահմանադրության շրջանակներում: Չինովնիկները, որոնք անօրինական որոշումներ են ընդունում, պետք է պատժվեն: Պետությունն արդեն շատ հեռու է գնացել, և եթե նրանք ուզում են ուղղել իրենց կատարած սխալները, պետք է հստակ որոշումներ կայացնեն: Պետք է ներողություն խնդրել մեր քաղաքացիներից, որոնց հանդեպ խտրականություն է իրականացվում միայն նրա համար, որ նրանք ուղղափառ չեն: Բայց ցավոք, ինչպես երևում է, կառավարությունը մտադիր չէ ուղղել իր սխալները… Իրավիճակը կշարունակի խորանալ, բայց թե ո՞ւր կհասցնի մեզ այն, դրա մասին նույնիսկ խոսել չեմ ցանկանում:
http://armenian-community.ge/News/844