«Ազգային փոքրամասնությունների» իրավունքներին վերաբերող հարցերը Վրաստանի կառավարության հաշվետվությունում արտացոլված չեն


«Ազգային փոքրամասնությունների» իրավունքներին վերաբերող հարցերը Վրաստանի կառավարության հաշվետվությունում արտացոլված չեն

  • 31-10-2014 16:51:06   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Շաբաթվա սկզբին Վրաստանի Կառավարությունը ներկայացրեց ծավալուն զեկույց երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին: Հաշվետվությունը կարդաց Կառվարության ղեկավարը` երկրի վարչապետը, և կարդաց նա այդ հաշվետվությունը ավելի քան մեկ ժամվա ընթացքում: Մինչդեռ մեկ ժամից ավել տևող հաշվետվության ընթացքում վարչապետը ոչ մի անգամ չարտաբերեց «փոքրամասնություն» բառը: «Ազգային փոքրամասնությունների» իրավունքներին վերաբերող հարցերը կառավարության հաշվետվությունում արտացոլված չէին:
 
Այն փաստը, որ Կառավարության ծավալուն հաշվետվությունում նշված չի եղել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության բնագավառը, խոսում է միայն մի բանի մասին` Կառավարությունը ազնվորեն է վարվել: Չնայած նրան, որ ներկայիս կառավարությունը տվել է բազում խոստումներ երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին, և այդ խոստումների մեծամասնությունը այսօր արտացոլված են պետական պաշտոնական փաստաթղթերում և ծրագրերում, ըստ էության երկու տարվա ընթացքում Կառավարությունն այդպես էլ ժամանակ չգտավ կուտակված խնդիրների լուծումները սկսելու համար և չկատարեց իրական քայլեր (եթե չհաշվենք դեռևս չիրագործած փաստաթղթերի ընդունումը): Այդ կերպ իր հաշվետվությունում չհիշատակելով «ազգային փոքրամասնությունների» հարցը` կառավարությունը ազնվորեն է վարվել, նա խախտեց նախկին իշխանությունների ավանդույթը և չխաբեց հանրությանը` իբրև թե արված աշխատանքի մասին խոսելով:
 
Կառավարության նման ազնվությունը կարելի է միայն ողջունել, մինչդեռ դա բոլորովին էլ չի նշանակում, որ կառավարությունը կարող է դա շարունակել նույն ոգով… Խոստումները և պարտավորությունները պետք է իրագործվեն` գոյություն ունեցող կուտակված խնդիրները պետք է լուծվեն: Իսկ Կառավարության կողմից վերցված պարտականությունները հետևյալն են.
 
«Կշարունակվի ազգային փոքրամասնությունների ակտիվ ներքաշումը երկրում ընթացող իրադարձություններին և որոշում ընդունելու գործընթացներին, ազգային փոքրամասնություններին վերաբերող բոլոր պետական ծրագրերը կիրականացվեն իրենց ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ:
 
Պետությունը կաջակցի պետական լեզվի ուսուցման գործընթացին, բոլոր ցանկացողները պետական լեզուն սովորելու հնարավորություն կստանան: Պետությունը նաև կապահովի կրթություն ստանալու հասանելիությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:
 
Պետությունը կնպաստի մշակույթի, լեզվի, սովորույթների և ազգային փոքրամասնությունների արժեքների պահպանմանը: Պետությունը կաջակցի ազգային փոքրամասնությունների խնդիրների, մշակույթի և այլ թեմաների կանոնավոր լուսաբանմանը վրացական ԶԼՄ-ներում: Ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման նպատակով կիրականացվի պատմական հուշարձանների և թանգարանների պաշտպանություն և զարգացում:
 
Պետությունը կաջակցի ազգային և կրոնական փոքրամասնությունների արժեքների, մշակույթի, պատմության, կրոնի վերաբերյալ հասարակության գիտելիքների խորացմանը: Ինչպես նաև կնպաստի հանդուրժողականության մակարդակի բարձրացմանը, մշակութային բազմակարծության, միջկրոնական և միջմշակութային երկխոսության, հասարակության մեջ կապերի հաստատմանը: Պետությունը կաջակցի քաղաքային ինտեգրացիայի և ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող    կազմակերպություններին:      
 
Կմշակվի քաղաքականություն և գործողությունների ծրաքիր, որոնց նպատակը կլինի մի կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, նրանց ինքնության պահպանումը, մյուս կողմից նրանց լիարժեք ինտեգրումը վրացական հասարակության մեջ», -ասված է 2013թ. ընդունածՎրաստանի Կառավարության Ծրագրում:
 
Կառավարության ծրագրի համաձայն` խոստացված փաստաթուղթը` «Ազգային քաղաքականությունը և գործողությունների ծրագիրը» ընդունվել է Կառավարության կողմից 2014թ. ապրիլին: Տվյալ փաստաթղթում գոյություն ունի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հատուկ կետ:
 
«Նպատակը` հասարակության մեջ հանդուրժողականության բարձր մակարդակի հաստատումն է, խուսափումը ցանկացած տեսակի խտրականությունից և խտրականության հետևանքների չեզոքացումը, Քրեական կոդեքսով որպես հանցագործություն ճանաչված խտրական փաստերի արդյունավետ հետազոտության ապահովումը, ազգային փոքրամասնությունների ներգրավվումը քաղաքացիական հասարակության մեջ և պետության ղեկավարման գործընթացներում:
 
Խնդիրները` արդյունավետ, կանխարգելիչ միջոցառումների անցկացում, ցանկացած տեսակի խտրականության արգելք ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորում, համապատասխան արձագանք և խտրականության հետևանքի վերացում, խտրականության զոհերի իրավունքների վերակագնման ապահովում, ազգային փոքրամասնություններին պետական լեզուն ուսանելու արդյունավետ միջոցառումների անցկացում, ընտրական համակարգի շրջանակներում երկրի քաղաքական կյանքում ազգային փոքրամասնությունների ներգրավման ապահովումը, ազգային փոքրամասնություններին երկրի սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում ներգրավելու աջակցումը, հասարակությունում հանդուրժողականության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացումը»: («Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության Ազգային Ռազմավարություն 2014-2020թթ.»):
 
2014թ.ին ստեղծվել է նաև Միջգերատեսչական Խորհուրդ, որի նպատակը փաստաթղթում հաստատված դրույթների իրագործման համակարգումն է: Տվյալ Խորհրդի կազմում են մտնում բոլոր պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:
 
Հարկ է նշել, որ չնայած նրան, որ միջգերատեսչական Խորհուրդը, որի նպատակն է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության «Ազգային Ռազմավարություն 2014-2022թթ.» փաստաթղթի իրականացման համակարգումն է, ստեղծվել է ամռան սկզբին, այն իր առաջին նիստն անցկացրել է հոկտեմբերի 30-ին: Ինչը հերթական անգամ ապացուցում է այն համոզումը, որ պետությունը չի շտապում լուծել ազգային փոքրամասությունների իրավունքների պաշտպանության բնագավառում կուտակված խնդիրները:
 
Միջգերատեսչական Խորհրդի առաջին նիստը կայացել է հոկտեմբերի 30-ին երկրի վարչապետի ղեկավարությամբ: Վրաստանի վարչապետի վարչության կողմից տարածած տեղեկության համաձայն` «Խորհուրդը քննարկել է «Գործողությունների ծրագրով» նախատեսված խնդիրները»: «Տարբեր պետական գերատեսչությունների ղեկավարները Խորհրդին ներկայացրել են հաշվետվություն մարդու իրավունքների բնագավառում կատարված աշխատանքի մասին, ինչպես նաև ներկայացրել են հետագա գործողությունների ծրագիր: Խորհրդի նիստի ավարտից հետո քննարկում կայացավ: Կողմերը քննարկել են գոյություն ունեցող խնդիրների լուծման արդյունավետ ուղիները: Ինչպես նշել են Խորհրդի անդամները, «Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության Ազգային Ռազմավարություն 2014-2022թթ.» փաստաթղթով նախատեսված որևէ խնդիր չկա, որը չի իրագործվել»:
 
Ներկայացրած տեղեկության համաձայն` այդ ուղղությամբ «արված» աշխատանքի առաջին հաշվետվությունը կհրապարակվի մոտ ապագայում…
 
http://armenian-community.ge/News/852 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը