Նոյեմբերի 4-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության հետ:
Մայր Աթոռում տեղակայված բաժինների և հաստատությունների շուրջ չորս հարյուր աշխատակիցների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորեց Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանն իր խոսքում ընդգծեց, որ այս հոբելյանական իրադարձությունը Մայր Աթոռի աշխատակիցներից յուրաքանչյուրի մոտ տարբեր ապրումներ և հիշողություններ է արթնացնում, մղում անդրադառնալու տարիների ընթացքում իրենց բերած ծառայությանը Մայր Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայ ժողովրդին: Նորին Սրբությանը մաղթելով քաջառողջ կյանքի բազում տարիներ և նորանոր ազգաշահ իրագործումներով լեցուն գահակալություն` Սրբազանը վստահեցրեց, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պիտի շարունակի լծակից լինել Հայոց Հայրապետին և կյանքի կոչել բոլոր այն տեսիլքները, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի հայրենիքի, ժողովրդի և Եկեղեցու նկատմամբ:
Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց ներկաներին: «Ես փառք եմ տալիս Աստծուն, որ այսպիսի շնորհի է արժանացրել մեզ` լինելու Հայոց Հայրապետ, և այսպիսի առիթ ու հնարավորություն ընձեռել առավելագույն չափով ծառայություն մատուցելու մեր ժողովրդին», - ասաց Նորին Սրբությունը: Անդրադառնալով եկեղեցական կյանքում արձանագրված հաջողություններին` Վեհափառ Հայրապետը դրանցում կարևորեց Մայր Աթոռի աշխատակիցների դերակատարությունը. «Անցնող 15 տարիները իմաստավորված են ձեզանով, ձեր աշխատանքով: Այն, ինչ որ կատարված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արված է ձեր ջանքերի, ձեր ազնիվ աշխատանքի շնորհիվ: Դուք եք կանգնած եղել այդ ձեռքբերումների ակունքներում: Մենք մեր սրտի խորքից բերում ենք մեր գնահատանքը ձեզ և յուրաքանչյուրիդ ասում շնորհակալություն` ձեր նվիրյալ աշխատանքի ու ծառայության համար:
…Ես բարձրորեն գնահատել եմ յուրաքանչյուրի ծառայությունը այս հաստատությունից ներս, միշտ ունեցել եմ սեր ձեր նկատմամբ` և՛ որպես ազգի զավակների, և՛ որպես պաշտոնյաների մեր այս հաստատության»:
Նորին Սրբությունը նաև գոհունակություն հայտնեց Աստծուն, որ այս տարիների ընթացքում ազնվահոգի շատ բարերար հայորդիներ` գիտակից լինելով Հայ Եկեղեցու առաքելության կարևորության, զորակից են եղել Հայոց Եկեղեցուն և Հայոց Հայրապետին` կյանքի կոչելու բազում ազգանպաստ և հայրենաշեն ծրագրեր:
Հանդիպման ավարտին օրհնելով Մայր Աթոռի պաշտոնեությանը` Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց որպես Հայոց Եկեղեցու հավատավոր անձեր, որպես նախնյաց արժանավոր զավակներ հպարտության զգացումով ու նվիրումով շարունակել իրենց ծառայությունը Մայր Աթոռում: «Այստեղ ծառայող յուրաքանչյուր անձ պաշտոն չէ, որ իրականացնում է, այլ ոգի և ապրում է դնում, աղոթքն է իր հոգու մեջ կրում այդ աշխատանքի ընթացքին: Սա սովորական աշխատանք չէ, որ դուք իրականացնում եք այս հաստատությունից ներս. առաքելություն է, որի իրականացնողներն եք, որի իրագործման մասնակիցներն եք», - ընդգծեց Նորին Սրբությունը` բարի արդյունավորում մաղթելով պաշտոնեության ջանքերին, որպեսզի առավել շենանա ու պայծառանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և նրա օրհնությունը շարունակ բաշխվի ի սփյուռս աշխարհի: