Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակությանը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի պատվիրակությանը

  • 04-11-2014 18:40:36   | Հայաստան  |  Տնտեսություն

 




Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Իհսան Դելիկանլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը, որն ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման և ստվերի կրճատման ուղղությամբ: 
Երկուստեք կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, դեղագործության և արդյունաբերության բնագավառներում համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը: 
Իհսան Դելիկանլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, հաշվի առնելով ՀՀ կառավարության գերակայությունները, մեծապես կարևորում է Հայաստանի իրական հատվածի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Նա ընդգծել է, որ իր գլխավորած կառույցը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ: Բանկը նախատեսում է նաև մեր երկրում կազմակերպել համատեղ բիզնես ֆորում: 
Տեղեկացվել է, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը մասնավոր հատվածի հետ ստորագրել է վարկային նոր համաձայնագիր, որի միջոցներն ուղղվելու են Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: 
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: 
 

Նոյյան տապան  -   Տնտեսություն