Վրաստանում պաշտոններ են լքել նախարարները


Վրաստանում պաշտոններ են լքել նախարարները

  • 06-11-2014 12:14:05   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
Նոյեմբերի 4-ի ուշ գիշերը «Վրացական երազանք» Կոալիցիայի քաղխորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո, որը տևել է մի քանի ժամ փակ ռեժիմով, Վրաստանի վարչապետը հայտարարել է Իրակլի Ալասանիայի` Պաշտպանության նախարարի պաշտոնից պաշտոնանկ անելու մասին: Նաև վարչապետը հայտնել է, որ Պաշտպանության նոր նախարար կնշանակվի Մինդիա Ջանելիձեն, որը մինչ այդ զբաղեցնում էր «Ճգնաժամերի կառավարման և Անվտանգության Պետական Խորհրդի» քարտուղարի պաշտոնը, իսկ մինչ այդ, երբ Ղարիբաշվիլին Ներքին գործերի նախարար էր, զբաղեցրել է Հակահետախուզական Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: «Ես համոզված եմ, որ նոր նախարարը կլինի շատ ավելի լավը, քան նախկինը», -ներկայացնելով Մինդիա Ջանելիձեին հայտնել է վարչապետը: Արտահերթ նիստին ներկա է եղել նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը 2013թ. լքեց Կառավարության ղեկավարի պաշտոնը և հայտնեց իր` ոչ կառավարական սեկտոր անցնելու մասին:
 
Նոյեմբերի 5-ին իրենց պաշտոններն են լքել նաև Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և Եվրոատլանտյան ինտեգրացիայի հարցերով նախարարը: Ինչպես նաև իրենց պաշտոններն են լքել Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարների բոլոր տեղակալները: Իր պաշտոնն է լքել նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Լևան Դոլիձեն: «Ես հրաժեշտ չեմ տալիս, ընդամենը ասում եմ` ցտեսությունը: Մենք շուտով կհանդիպենք», -Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին է հայտնել նախկին նախարար Մայա Փանջիկիձեն:
 
«Այն, որ Մայա Փանջիկիձեն և Ալեքսի Պետրիաշվիլին Իրակլի Ալասանիայի հետևից լքեցին իրենց պաշտոնները լիովին սպասելի էր: Ես ափսոսում եմ, որ Արտաքին գործերի նախարարը ընտրություն կատարեց հօգուտ ընտանիքի և ոչ թե պետության», -հայտարարել է Վրաստանի վարչապետը: Հիշեցնենք, որ Վրաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի քենին է:
 
«Բոլորը հիանալի հիշում են, թե ինչ նպատակով է ստեղծվել «Վրացական երազանք» կոալիցիան: Կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններն ունեն տարբեր գաղափարախոսություն, բայց մեկ նպատակ: Եվ եթե որևէ մեկն ունի այլ նպատակ, ես անհրաժեշտություն չեմ տեսնում ստիպել նրան մնալ կոալիցիայում: Կոալիցիայի արհեստական պահպանումը չարիք է հենց իր` կոալիցիայի համար», -հայտարարել է փոխվարչապետ Կախի Կալաձեն:
 
Նոյեմբերի 5-ին գումարվել է «Վրացական երազանք» կոալիցիայի Քաղխորհուրդ ընդարձակ կազմով: Նիստի աշխատանքներին նաև ակտիվորեն մասնակցում էր նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: «Իվանիշվիլին մասնակցել է Կոալիցիայի Քաղխորհրդի երեկվա և այսօրվա նիստերին: Իվանիշվիլին ակտիվորեն մասնակցում էր և արտահայտում իր դիրքորոշումները: Կոալիցիայի քաղխորհուրդը Սահմանադրությամբ ղեկավարվող կառույց չէ, և կարող է գումարվել որտեղ պատահի: Իվանիշվիլին մասնակցում է նիստի աշխատանքներին, քանի որ նա է կոալիցիայի հիմնադիրն ու գաղափարախոսը», -հայտարարել է Քաղաքացիական համերաշխության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին: Քաղխորհրդի ընդարձակ ձևաչափով նիստին ներկա էր նաև Իրակլի Ալասանիան, իր կուսակցության առաջնորդների հետ միասին, մինչդեռ Խորհրդի նիստի սկսվելուց 10 րոպե անց նրանք լքել են Կոալիցիայի Կենտրոնական գրասենյակը և հայտարարել, որ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն այլևս «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ չէ: «Մենք եկել էինք, որպեսզի խոսեինք մեր նախկին համագործակիցների հետ, որպեսզի քաղաքակիրթ ձևով հրաժեշտ տայինք նրանց, մինչդեռ խոսակցությունը չկայացավ: Մենք չէինք եկել Քաղխորհրդի նիստին, որ լսեինք Իվանիշվիլուն, մենք չէինք եկել, որպեսզի խոսենք նախկին վարչապետի հետ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը այս վայրկյանից արդեն Կոալիցիայի մասնիկ չէ», -հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան:
 
«Վրաստանում փաստացիորեն քաղաքական ճգնաժամ է, որը այն սխալ քաղաքականության արդյունքն է, որը մի քանի տարվա ընթացքում վարում է իշխանությունը: Ես հուսով եմ, որ մեր կուսակցությունը կկարողանա համգործակցել Ալասանիայի կուսակցության և Վրաստանի բոլոր արևմտամետ կուսակցությունների հետ», -նոյեմբերի 5-ին հայտարարել է «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:
 
«Կոալիցիան կշարունակի մեր համագործակիցը լինել: Կոալիցիայի կազմում մտնում են ազատական ուղղության կուսակցություններ, որոնց հետ շատ նեղ համագործակցում ենք: Բնականաբար, առաջին հերթին ես նկատի ունեմ «Հանրապետական կուսակցությանը», որի հետ մենք ծրագրում ենք շարունակել փոխհամագործակցությունը: Ինչ վերաբերում է «Ազգային շարժմանը», կարող եմ ասել, որ նրանց հետ համագործակցել մենք չենք պատրաստվում: Մեր միջև գոյություն ունեն արմատական տարաձայնություններ, և կարծում եմ, որ նրանք պետք է դադարեն հուսալ մեզ հետ համագործացության մասին», -հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան:
 
Խորհրդարանական «նախկին» մեծամասնության ղեկավարի՝ Դավիթ Սագանելիձեի խոսքերի համաձայն` «Հանրապետական կուսակցությունը» դեմ չի եղել Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռացմանը: «Մեր հայացքները չէին համընկնում խնդրի տեխնիկական կողմի վերաբերյալ, բայց «Հանրապետական կուսակցությունը», ինչպես նաև Կոալիցիայի մնացած բոլոր անդամները համաձայն էին, որ նոյեմբերի 4-ին արված սկանդալային հայտարարությունից հետո Ալասանիան արդեն իրավունք չուներ մնալ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում», -հայտնել է Դավիթ Սագանելիձեն:
 
«Կառավարման ձևավոևված համակարգի պայմաններում, եթե «Ազատ դեմոկրատները» լքեն կառավարությունը և Խորհրդարանական մեծամասնությունը, դա կնշանակի, որ Կառավարությունն այլևս չի ունենա Խորհրդարանական մեծամասնության անհրաժեշտ աջակցությունը, քանզի հենց խորհրդարանական մեծամասնությունը կդադարի գոյություն ունենալուց: Խորհրդարանական խմբերից ոչ մեկը չի կարողանա ինքնուրույն որևէ օրենք ընդունել: Խորհրդարանական փոքրամասնության և մեծամասնության ղեկավարները կկորցնեն իրենց պաշտոնները: Իսկ եթե խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը դադարեն գոյություն ունենալ, ապա անհրաժեշտություն է առաջանում նորից նշանակել և խորհրդարանական կոմիտետների ղեկավարներ և տեղակալներ և այլն: Առանց խորհրդարանական մեծամասնության Կառավարությունը չի ունենա իր նախաձեռնությունների աջակցությունը: Ավելին, ո՞վ պետք է հաստատի Կառավարության կազմը: Մի խոսքով, մեզ սպասվում են դժվար ժամանակներ», -հայտարարել է փորձագետ Լևան Ալափրիշվիլին:
 
http://armenian-community.ge/News/868 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը