Տոներին ընդառաջ Հայաստանում սննդամթերքի թանկացումը անխուսափելի է. Արմեն Պողոսյան


Տոներին ընդառաջ Հայաստանում սննդամթերքի թանկացումը անխուսափելի է. Արմեն Պողոսյան

  • 06-11-2014 18:08:03   |   |  Տնտեսություն

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կանխատեսում է, որ ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում հացի և հավկիթի գները կբարձրանան:  Լրագրողների հետ նոյեմբերի 6-ին կայացած հանդիպման ժամանակ նա  որպես հիմնավորում իր կանխատեսմանը նշեց, որ  Հայաստանում տնտեսական քաղաքականությունը վատ է վարվում, այն որակելով որպես «կարկատանային» քաղաքականություն, քանի որ ամեն օր նոր խնդիրներ են առաջանում:

 Ըստ Ա.Պողոսյանի` յուրաքանչյուր  տնտեսվարող, որն անվերահսկելի է ու անպատժելի, ամեն ինչ կանի, որպեսզի իր արտադրանքը ավելի թանկացնի և «մեզ հալածի»: 
 
«Տնտեսական քաղաքականության առումով վստահաբար կարող եմ ասել, որ թռչնամիս արտադրելը տնտեսական գործունեության մեջ ամենահեշտ ձևն է.  Այստեղ ամենաարագ տարբերակով է տեղի ունենում փողի շրջանառություն և շահույթի ավելացում, հետևաբար մենք պետք է չունենայինք ձվի և թռչնամսի ներկրման խնդիր»,- ընդգծեց Ա. Պողոսյանը:
 
Վերջինիս տեղեկացմամբ, ձու և թռչնամիս արտադրող ընկերությունները, որոնք ներկրում են թռչնակեր և սորտային ձագեր, բազմիցս դիմել են Հայաստանի կառավարությանը և Սպառողների միությանը սահմանին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)  գանձման ժամկետի հետաձգման խնդրանքով:  Հետաձգումն  ընկերություններին  հնարավորություն կտա տարվա ընթացքում  վճարել ԱԱՀ-ն` ներկրված ապրանքների շրջանառությունից ձեռք բերված գումարներով:
 
Ըստ Ա. Պողոսյանի` այսպիսի քաղաքականությունը կապահովի միայն տնտեսության զարգացում:
 
Բանախոսը անտրամաբանական է համարում Իրանից և Ուկրաինայից ձվի ներկրումը  այն դեպքում, երբ Հայաստանում շատ թռչնաֆաբրիկաներ դատարկ են. «Կա տարածք, կան պայմաններ մեր թռչնաֆաբրիկաներում, բայց չկան ընթացիկ ծախսերի համար գումարներ»:
«Միթե հավ պահելու համար պարտադիր պետք է արտերկրից եգիպտացորեն ներկրենք, ինչո՞ւ մենք չենք կարող եգիպտացորեն աճեցնել»,- հարց է տալիս Ա. Պողոսյանը, միաժամանակ պատասխանելով, որ Արցախում կան այնպիսի տարածքներ, որոնք ի վիճակի են ապահովել Հայաստանի սննդամթերքի 30 տոկոսը:
 
Անդրադառանլով հացի թանկացման խնդրին` Սպառողների միության նախագահը նշեց, որ 5 օր առաջ նամակով դիմել է ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության պետին, հացի գնի և քաշի հարաբերակցության ստուգման առաջարկով:
«Հացի քաշի և գնի հարաբերակցությունը մենք պարտավոր ենք կարգավորել, քանի որ տարիներ առաջ արված մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հացի քաշի տարբերությունը մինչև 30 տոկոս է կազմում»,- ընդգծեց Ա. Պողոսյանը` խնդրելով ուշադրություն դարձնել այն փաստին, որ այդ հարաբերակցությունը ոչ թե 30 տոկոս է,  այլ մինչև 30 տոկոս: Ըստ նրա` սա նշանակում է, որ այս սահմաններում մենք խաբվում ենք:
 
Բանախոսը հույս հայտնեց, որ հացի խնդիրը կլուծվի, երբ Նախագահը ուշադրություն կդարձնի իրենց նամակին`  ԶԼՄ-ների հրապարակումների շնորհիվ, ինչ վերաբերում է նախատոնական թանկացումներին, ապա, ըստ Ա.Պողոսյանի, այս  երևույթը նկատվում է ամբողջ աշխարհում, սակայն ի տարբերություն քաղաքակիրթ աշխարհի` Հայաստանում եկամուտները արագ տեմպերով չեն ավելանում, որպեսզի չնկատվի գների նոմինալ  աճ»:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 

 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն