Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը» մատենաշարը համալրվեց 7-րդ հատորով


Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը» մատենաշարը համալրվեց 7-րդ հատորով

  • 07-11-2014 16:36:23   | Հայաստան  |  Նոր գրքեր

Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը» մատենաշարը համալրվեց 7-րդ հատորով: Նոյեմբերի 7-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Գոհար Մարտիկյանի՝ Արցախյան պատերազմի ընթացքում զոհված հայորդիների կյանքն ու մարտական ուղին ներկայացնող «Ապրելու բանաձևը» մատենաշարի 7-րդ հատորի շնորհանդեսը։ Հատորում ամփոփված են Արցախյան գոյամարտում զոհված 110 ազատամարտիկի կենսագրություն և հուշեր նրանց մասին։
 
Հանրագիտարանային այս ուսումնասիրությունը հրատարակվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
 
Մատենաշարի հեղինակը` Գոհար Մարտիկյանը, պատերազմի տարիներին ՀՀ ՊՆ N զորամասի, հատուկ նշանակության գնդի առաջին զոհի՝ Աշոտ Չախոյանի մայրն է։ Ներկայացնելով մատենաշարը` տիկին Մարտիկյանը նշեց. «Գիրքը արցախյան ազատամարտում սխրանք գործած և իրենց կյանքը զոհաբերած հերոսների մասին է: Յոթ հատորներից ոչ մեկը մյուսին չի կրկնում, քանի որ ամեն հերոս իր գործած սխրանքի պատմությունն ունի: Յոթերորդ հատորում ընդգրկված են բոլոր արցախցի հերոսները »:
 
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, կարևորելով աշխատանքը, նշեց, որ սա լավագույն հնարավորությունն է ծանոթանալու բոլոր հերոսների կենսագրությանը: Այնուհետև շեշտեց. «Ապրելու բանաձևը ոչ միայն ապրեցնում է, այլ նաև անմահացնում: Աշխատանքում մենք նկատում ենք մայրություն, հայրենասիրություն, այն կրթական ու դաստիարակչական մի ամբողջ փաթեթ է: Հեղինակն իր այս աշխատանքով արժևորում է հերոսների կյանքը, իր վիշտը մի անկյունում թողած վերցնում նաև մյուսներինը, իր ստեղծած շուրջ ութ հարյուր կերպարներով կարողանում է ապրեցնել այդ հերոսներին, նրանց ընտանիքների համար արժեքավոր նյութ ստեղծել»:
 
Պարոն Ավագյանը հույս հայտնեց, որ ՀԵՀ-ը կանի հնարավորը աշխատանքները ավարտին հասցնելու համար: «Ապրելու բանաձևը» մատենաշարի 7-րդ հատորում ներկայացված է նաև Քարին տակի գյուղի հերոսների կենսագրությունը:
 
Քարին տակ գյուղի գյուղապետ Մխիթար Առուշանյանը հավաստիացրեց, որ «Ապրելու բանաձևը» նաև մեր ապագա սերունդներին կրթելու, դաստիարակելու է հայեցի ոգով»: Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանն էլ շեշտեց, թե «Գոհար Մարտիկյանը կարողացավ այն, ինչ վերջ էր, դարձնել սկիզբ»: Այնուհետև եզրափակեց.
 
«Կարծես թե նա ուզեց, որ ոչ մի որդեկորույս մայր չմտածի, թե եկան, անցան այդ օրերը և մոռացվեցին»:
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից նշումո են, որ «Ապրելու բանաձև» մատենաշարում Գոհար Մարտիկյանն անդրադարձել է մոտ 800 հերոսի կենսագրության։
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play