Անսահման էր Վլադիմիր Մովսիսյանի սերն ու նվիրվածությունը Հայրենիքին ու հարազատ ժողովրդին


Անսահման էր Վլադիմիր Մովսիսյանի սերն ու նվիրվածությունը Հայրենիքին ու հարազատ ժողովրդին

  • 07-11-2014 18:36:34   | Հայաստան  |  Հայտարարություններ

Վլադիմիր Միհրանի Մովսիսյան
 
Հայ ժողովուրդը անդառնալի կորուստ կրեց: Նոյեմբերի 5-ին ծանր հիվանդությունից հետո վախճանվեց պետական ու քաղաքական նշանավոր գործիչ Վլադիմիր Միհրանի Մովսիսյանը: Կյանքից հեռացավ մի մարդ, որի  հարուստ կենսագրությունը հայրենիքին ու ազգին անսահման նվիրվածության ու անմնացորդ ծառայության վառ օրինակ է:
Վլադիմիր Մովսիսյանը ծնվել է 1933 թ. նոյեմբերի 12-ին Սպիտակի շրջանի Շենավան գյուղում: Աշխատանքային գործունեությունը սկսել է տակավին դպրոցական տարիներին հայրենի գյուղի կոլտնտեսությունում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց  հետո նշանակվել է գյուղական ակումբի վարիչ:
1958 թ. գերազանցությամբ ավարտելով Երևանի անասնաբուծական-անասնաբուժական  ինստիտուտն, անցնում է աշխատանքի ըստ մասնագիտության:  Եղել է Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության ու անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտի Լոռու փորձարարական բազայի կրտսեր գիտաշխատող, Կալինինոյի շրջանային գյուղատնտեսական տեսչության, այնուհետև՝ Կալինինոյի փորձարարական ցուցադրական տնտեսության գլխավոր զոոտեխնիկ: 1963-65 թթ. աշխատել է Ստեփանավանի շրջանի գյուղատնտեսական արտադրական վարչության գլխավոր զոոտեխնիկ, 1965-67 թթ.՝ Կալինինոյի շրջանի գյուղատնտեսական արտադրական վարչության պետ: Այս ժամանակահատվածում են դրվում Վլադիմիր Մովսիսյանի բարձր արհեստավարժության, հողագործ մարդու ու հողի հոգսն ու լեզուն հասկանալու հմտության, գյուղատնտեսության արտադրության գաղտնիքներին տիրապետելու, հայրենի եզերքի ամեն թուփ ու թումբ ճանաչելու ամուր հիմքերը:
1967 թ., գերազանցությամբ ավարտելով ԽՄԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը, Վլադիմիր Մովսիսյանը տեղափոխվում է կուսակցական աշխատանքի ու նշանակվում է ՀԿԿ Արտաշատի շրջկոմի քարտուղար: 1973-74 թթ. եղել է ՀԿԿ կենտկոմի գյուղատնտեսական բաժնի վարիչի տեղակալ: 1974-75 թթ. ընտրվել է ՀԿԿ Ստեփանավանի շրջկոմի առաջին քարտուղար, իսկ 1975-78 թթ. պաշտոնավարել է ՀԿԿ կենտկոմի գյուղատնտեսական բաժնի վարիչ:
1978 թ. Վլադիմիր Մովսիսյանը  դառնում է Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի  նախագահի տեղակալ, 1988 թվականից միաժամանակ գլխավորելով հանրապետության կառավարության նախագահության ագրոարդյունաբերական համալիրի հարցերով  հանձնաժողովը: 1984-90 թթ. նա եղել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, միաժամանակ 1985-90 թթ.՝ ՀԽՍՀ Պետական ագրոարդյունաբերական կոմիտեի (Պետագրոարդի) նախագահ: Այս տարիներին Հայաստանը դարձավ զարգացած գյուղատնտեսության երկիր, աննախադեպ վերելք ապրեց հանրապետության բուսաբուծությունն, անասնապահությունն ու թռչնաբուծությունը, գյուղատնտեսական մթերքի վերամշակող արդյունաբերությունը:
Երբ սումգայիթյան ողբերգությունից հետո սկսվեց հայության գաղթը, Վլադիրմիր Մովսիսյանին վստահվեց ղեկավարել կառավարության նախագահությանն առընթեր փախստականների հարցերով հանձնաժողովը: Այս պատասխանատու պաշտոնում դրսևորվեցին նրա կազմակերպչական բացառիկ ընդունակություններն ու մարդկային ամենաառաքինի հատկանիշները, երբ հարկավոր էր դիմավորել, ընդունել և լսել յուրաքանչյուր տուժածին, անհապաղ լուծում տալ փախստականների բնակարանի, սննդի, աշխատանքի և այլ հարցերի:
1990 թ. ապրիլին Վլադիմիր Մովսիսյանն ընտրվում է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, հանրապետության ղեկավարի այդ պաշտոնը վարելով մինչև նույն թվականի նոյեմբերը, համաժողովրդական շարժման ամենաբուռն ու ամենաճակատագրական շրջանում: 1990 թ. հուլիսից դեկտեմբերը եղել է ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ : Այդ շրջանում նա անզիջում պայքար է մղում Հայաստանի ու արցախահայության շահերը պաշտպանելու, նրանց արդար պահանջներն իրականացնելու նպատակով: Վլադիմիր Մովսիսյանի ու նրա զինակիցների շրջահայացությունն ու իմաստնությունը թույլ տվեցին  մեր հանրապետությունը զերծ պահել  ողբերգական ցնցումներից ու ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների հետ ծանր հետևանքներով հղի առճակատումներից:
Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից տված հրաժարականից հետո Վլադիմիր Մովսիսյանը նշանակվում է ԽՍՀՄ գյուղատնտեսության ու պարենի փոխնախարար, ուր աշխատում է մինչև 1991թ.:
1991 թ. նրա հարուստ կենսափորձն ու ղեկավարի հմտությունը զորակոչվում են ծառայելու Հայաստանի նորանկախ Հանրապետությանը. Վլադիմիր Մովսիսյանը վարում է Հայաստանի փախստականների հարցերով պետական վարչության պետի, կառավարության անդամի պարտականությունները: 1995-96 թթ. եղել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ, միաժամանակ ղեկավարելով ՄԱԿ-ի կողմից Երևանում ստեղծված ժողովրդավարության ու մարդու իրավունքների կենտրոնը: 
1996 թ. մի քանի ամիս աշխատել է Գեղարքունիքի մարզպետ, այնուհետև նշանակվել ՀՀ գյուղատնտեսության նախարար:
1999-2004 թթ. եղել է Հայաստանի վարչապետի խորհրդական, իսկ 2004 թվականից դարձել Անտառների վերականգնման ու զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը: 2008 թվականից համակարգել է ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերով հանձնաժողովի աշխատանքները: 2009 թվականից եղել է Հանրային խորհրդի հիմնադիր կազմի անդամ: 
Վլադիմիր Մովսիսյանը 1974-90 թթ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի, 1990-91 թթ. ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: 
Զբաղվել է գիտական գործունեությամբ, պաշտպանել գյուղատնտեսական գիտությունների դոկտորի ատենախոսություն, ընտրվել Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: 
Վլադիմիր Մովսիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ու Պատվո շքանշաններով, ԽՍՀՄ մի շարք պետական պարգևներով, ինչպես նաև արժանացել Հայաստանյան առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բարձրագույն շքանշանի: 2001 թ. նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:
Անուրանալի է Վլադիմիր Մովսիսյանի ծանրակշիռ ավանդը Հայաստան աշխարհի տնտեսության, մշակույթի զարգացման ու շենացման գործում: Նա իրավամբ վայելել է մեր ժողովրդի ամենատարբեր խավերի անկեղծ հարգանքն ու սերը, ունեցել մեծ հեղինակություն հանրապետությունից դուրս: Անչափ խորն ու համապարփակ էին նրա գիտելիքները հայրենիքի աշխարհագրության, տնտեսության, մշակույթի ու արվեստի բնագավառում: Անսահման էր նրա սերն ու նվիրվածությունը Հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Մտավորական, հայրենասեր, քաղաքացի, մարդ. այդպիսին նա կմնա մեր հիշողության մեջ: 
 
Կառավարական հանձնաժողով 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ