Ուսանողակենտրոն համակարգի կայացումը` կարևոր նախապայման


Ուսանողակենտրոն համակարգի կայացումը` կարևոր նախապայման

  • 13-11-2014 18:32:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
ԵՊՀ-ում մեկնարկել է «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսը։ Առանձին տաղավարներով երկու օր շարունակ իրենց աշխատանքները կներկայացնեն շուրջ 70 երիտասարդական կազմակերպություններ՝ ՀԿ-ներ, ուսանողական կառույցներ և այլն։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ովքեր ծանոթացել են երիտասարդական կազմակերպությունների ծրագրերին, գործունեությանը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այսօրվա սերունդը բոլորովին այլ առաջնահերթություններ ունի, որը կարող է  նաև չհամընկնել  մեր ակնկալիքներին։ «Անկախ մտածողության տարբերություններից, բոլոր սերունդները  պետք է գիտակցեն, որ ապրում են ընդհանուր հայրենիքում, իրենց կողքին ապրում են այլ մարդիկ»,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ուսանողական ներուժը բացահայտելու խնդիրը դեռևս լուծված չէ: «Շատ կարևոր է ուսանողների լիարժեք ներառումը կրթության կառավարման  և  կրթական բարեփոխումների գործընթացի մեջ: Ուսանողակենտրոն համակարգի կայացումը կարևոր նախապայման է. ուսանողը պետք է հասկանա, որ կրթությունը նախևառաջ մրցունակ լինելու առաջին պայմանն է: Երբ այս գիտակցությունն ունենան ուսանողները, այդ ժամանակ, վստահ եմ,  կրթության որակի կտրուկ աճ և  խնդիրների նվազում կունենանք»,-ընդգծել է նախարարը:Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարելու է դրամաշնորհի մրցույթ։ Ցուցահանդեսի մասնակից երիտասարդական կազմակերպությունները հնարավորություն են ունենալու տեղում մշակել և ներկայացնել ծրագրեր մինչև 600 հազար դրամ բյուջեով։ Դրամաշնորհի պարտադիր պայման է, որպեսզի ծրագրերը լինեն համատեղ. կազմակերպվեն 1-ից ավելի կազմակերպույթունների միջոցով։ Հաղթող դրամաշնորհային ծրագրերը որոշվելու են քվեարկության արդյունքում։ Քվեարկությանը մասնակցելու են ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունները։ 
«Հայացք ապագային-2014» էքսպոն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակում։
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ