Արցախի օդային տարածքի անվտանգության համար միջազգային երաշխիք է հարկավոր


Արցախի օդային տարածքի անվտանգության համար միջազգային երաշխիք է հարկավոր

  • 14-11-2014 13:57:22   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
Հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական ուժերի կողմից զինադադարի հերթական խախտումների ծիրից դուրս է գալիս. ոչ անպայման այն իմաստով, որ սա արձակազենքերի գործողություններից կամ անդադրում կրակահերթերից տարբեր է, այլ` հատուկ քաղաքական նպատակ հետապնդող քայլ է, առնված Բաքվի իշխանությունների կողմից:
Դեպքի հանգամանքները պարզելը անշուշտ օգտակար է: Նկատելը, որ զինված ուղղաթիռ չէր, որ ադրբեջանական սահմանը չէր հատել, որ Ադրբեջանն այդ բոլորի հակառակը փաստելու համար պետական բարձրագույն մակարդակով կազմակերպեց տեսանյութային ապատեղեկատվությունը հետզհետե ավելի պարզ և համոզիչ է դառնում բոլորի համար:
Խնդիրն այն է, որ առաջին անգամը չէ, որ ուսումնավարժական թռիչքներ են կատարում հայկական ուղղաթիռները օդային նույն տարածքների սահմանների մեջ: Թե Բաքուն ի՞նչ  նպատակ ունի այս հարվածով, որոշ չափով պարզ է դառնում, եթե կարդանք ադրբեջանական աղբյուրների հրապարակած հետևյալ հաղորդագրությունը:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ մի հայտարարություն է տարածել, որի մեջ ոչ թռիչքային գոտի է հայտարարել «բռնագրավված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական օդանավորդության միջազգային կազմակերպության անդամներին»:
Ուրեմն հարվածել հայկական ուղղաթիռին` պատրվակելով, որ զինված է եղել այն և իբր թե հատել է ադրբեջանական սահմանը կամ «բռնագրավյալ տարածքը», հայտարարելու համար ոչ թռիչքային գոտի:
Բաքուն անհանգիստ է Արցախի օդային տարածքի գործարկման հավանականության բարձրացման դիմաց: Խնդիրը վերաբերում է ոչ միայն հայկական ուղղաթիռներին, այլև քաղաքացիական ճամփորդատար թռիչքների իրականացմանը. պարզ խոսքով` Ստեփանակերտի օդակայանի գործարկմանը:
Հիմա այն պահն է, որ հայկական կողմը առավելագույն քաղաքական աշխատանքներ ծավալի պահանջելու միջազգային երաշխիք Արցախի օդային տարածքի անվտանգության համար: Հիմա պահն է, որ պատասխանատվությունների համահավասարեցման խաղը կանգ առնի և իրերը կոչվեն իրենց անուններով: Պատասխանատվության մատնանշումին բնականաբար հաջորդում է դատապարտում: Ուսումնավարժողական նպատակով թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումները կանխարգելելու համար միջազգային հանրությունը պետք է երաշխավորի օդային անվտանգ  տարածք Արցախին:
Ուրեմն, եթե հայկական ուղղաթիռի խոցումով Բաքուն  հետապնդում էր Արցախը ոչ թռիչքային գոտի հայտարարել, հայկական կողմը, պետական, հասարակական և սփյուռքյան լոբիինգի ուժերի լարումով այս պահը լիարժեք պետք է օգտագործի ապահովելու համար Արցախի թռիչքային անվտանգ գոտի հայտարարությունը:
Միանշանակ համոզիչ է ու արդարացված, որ  պատասխանը ցավոտ պիտի լինի Ադրբեջանի համար, որի զինվորաքաղաքական իշխանությունները կրում են պատահարի և դրանից բխող բոլոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը: Արդար են նաև յուրաքանչյուր հայ զոհի փոխարեն հավելյալ դիրքեր նվաճելու նախապես հայտարարված և այժմ պահանջի վերածված տրամադրությունները:
Հայկական ուղղաթիռի պատահարը սահմանային հերթական դեպք չէ: Քաղաքական նպատակաուղղվածությամբ իրականացած գործողություն է: Հայկական համարժեք պատասխաններին առընթեր քաղաքական առավել ապահովելու հրամայականը իրեն զգալի է դարձնում: Այդ առավելը Արցախի թռիչքային գոտու ապահովումն է: Միջազգային երաշխավորություններով Ստեփանակերտի օդակայանի գործարկումը:
 
http://armenian-community.ge/News/894?lang=arm
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը