Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը տոնում է իր 15-ամյակը


Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը տոնում է իր 15-ամյակը

  • 05-12-2014 18:34:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի 15-ամյակի կապակցությամբ այսօր բուհում տեղի է ունեցել համալսարանի գիտամանկավարժական աշխատողների և ուսանողների ընդհանուր համաժողովը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ բուհը հանդիսանում է ՀՀ կրթական տարածքի առաջատար օղակներից մեկը: «Ներկայումս  համալսարանը թևակոխում է բուհի զարգացման նոր փուլ` փորձարարական, հետազոտական բուհի կարգավիճակ ձեռք բերելու դժվարին գործընթաց:

Հուսով եմ, որ բուհը կհանդիսանա  հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման այցեքարտը: Այդ համատեքստում ցանկալի կլիներ, որ երկու երկրների կառավարությունները մեծացնեն բուհին հատկացվող ներդրումները: Վերջին տարիներին ռուսական կողմը, վերարժևորելով  բուհի դերը, լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է անում  բուհի զարգացման գործում: Իր ներդրումը կավելացնի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Կրթությունն առաքելություն ունի ոչ միայն աշխատաշուկայի կադրային խնդրի լուծման, այլ նաև երկարաժամկետ ինտեգրացիոն նախագծերի հիման վրա միջմշակութային հաղորդակցության կայացման հարցում: Բացի այդ, ևս մեկ լավ նորություն. այս տարվանից բուհը հնարավորություն է ստացել իրականացնել նաև հայալեզու կրթական ծրագրեր»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով նաև բուհի կարևորությունը եվրասիական տնտեսական միության ընդհանուր կրթական տարածքի համատեքստում:  
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր ելույթում նշել է, որ բուհի 15-ամյակը յուրահատուկ տոն է և ամփոփում` ուսումնական հաստատության նվաճումներն արձանագրելու և ապագա ծրագրերը նախանշելու տեսանկյունից: «Իսկ ծրագրերը բազմաթիվ են` երկարաժամկետ և խոստումնալից: Համալսարանի առաջիկա տարիների զարգացման ուղղությունները, մասնավորապես, ներառում են տեխնիկական, ինժեներական և բնական գիտությունների մասով ռուսաստանյան առաջատար համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը»,-նշել է  ռեկտորը: 
Հոբելյանի կապակցությամբ համալսարանի գիտամանկավարժական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների: Կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 15-ամյակի կապակցությամբ ՀՌՀ պրոռեկտոր, հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի փոխտնօրեն, համակարգային ծրագր. ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Վլադիմիր Եղիազարյանը, Հայ-Ռուսական (Սլավոնական)  համալսարանի Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ, բանաս. գիտ. դոկտոր, դոցենտ Արմինե Սիմոնյանը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի` Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն, գովազդի ամբիոնի վարիչ, բանաս. գիտ. թեկնածու Նինա Կևորկովան պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ