Հասարակությունը, որը չի կարող հավաքական պայքար մղել՝դատապարտված է ձախողման
08-12-2014 11:41:17 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Առօրյա կյանքում մենք հաճախ ենք բախվում իրավիճակների, երբ ինչ-որ մեկը, լինի պետությունը կամ առանձին անհատը, փորձում է մեր հանդեպ խտրական վերաբերմունք գործադրել: Խտրականության և անարդարության օրինակ կարելի բերել ինչքան ասես, բայց հիմա դա չենք անի, քանի որ օրինակների ցուցակն այնքան ծավալուն կստացվի, որ գուցե մեզ գցի խորը թախծի և հուսահատության գիրկը… Մինչդեռ կասենք միայն, որ այն փաստը, որ մեզնից յուրաքանչյուրն իր կյանքում բախվում է իր հանդեպ անարդար վերաբերմունքի, խոսում է նաև այն մասին, որ հնարավոր է, մենք ոչ միշտ ենք պայքարում խտրականության դեմ: Միշտ չէ, որ հասկանում ենք, որ ինչ-բան էլ կախված է հենց մեզնից…
Իրավիճակները, երբ խտրականություն է դրսևորվում, լինում են այնքան տարբեր, որ բնականաբար գոյություն չունի անարդարությունից և խտրականությունից մեկ համընդհանուր «դեղամիջոցը»: Մինչդեռ գոյություն ունի մի պայման, որին հետևելու դեպքում մեզնից յուրաքանչյուրը կկարողանա նվազագույնի հասցնել այն բանի հավանականությունը, որ մենք կդառնանք անարդարության զոհ: Այդ պայմանը մեր իսկ իրավունքներն անընդհատ պաշտպանելու պատրաստակամությունն է, պայքարն է:
Եվ խոսքը պայքարի անօրինական մեթոդների մասին չէ: Հանուն արդարության արժե նշել, որ ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ տեղական օրենսդրության մեծ մասը ինքներս մեզ պաշտպանելու և մեր հանդեպ խտրական վերաբերմունք կիրառել թույլ չտալու հնարավորությունների լայն սպեկտր է բացում մեր առջև: Իրականում կարևորն այն է, որ մենք, ինչպես, ցավոք սրտի, շատ հաճախ է կատարվում, ինքներս մեզ չվախեցնենք, թույլ չտանք ուրիշներին մեր հանդեպ անարդար վարվել:
Մի քանի օր առաջ Վրաստանում տեղի ունեցան ծայրահեղ հետաքրքիր և ուսուցողական իրադարձություններ: Նոյեմբերի 26-ին «Վրացական երկաթուղիներ» ընկերության աշխատակիցները «պատերազմ» էին հայտարարել անարդարությանը: Երկաթուղայինները հայտարարել էին գործադուլ սկսելու մասին: Բողոքող երկաթուղայիններն ունեին մեզնից շատերին հարազատ և հասկանալի պահանջներ` աշխատանքային պայմանների բարելավում, աշխատավարձերի բարձրացում և այլն: Անհրաժեշտ է նաև հավելել, որ «Վրացական երկաթուղիներ» ընկերության 13 000 աշխատակիցներից գործադուլին էին միացել 500-ից ոչ ավել երկաթուղայիններ: Այսինքն, անարդարության դեմ պայքարում էին ընկերության աշխատակիցների ընդհանուր քանակի ընդամենը 4%:
Բնականաբար, հանուն «անցանկալի» գործընթացների զարգացումը կանխելու` ընկերության ղեկավարությունն անում էր ամեն ինչ գործադուլը դադարեցնելու համար: Բայց գործադուլը դադարեցնելու համար ընկերությունը, ծանոթ լինելով մեր հասարակության մտածողությանը, չէր իրականացնում բողոքողների պահանջները… Ո´չ: Գործադուլի մասնակիցների խոսքերի համաձայն` «ընկերության ղեկավարությունը սկսեց սպառնալ աշխատանքից ազատելով, ոմանց կաշառք տալով, ոմանց վախեցնելով….»: Ասում են, որ նույնիսկ երկաթուղայինների հանդեպ ֆիզիկական բռնության դեպքեր են եղել: Մի խոսքով ըներությունն անում էր ամեն ինչ, ինչին սովոր էր, իսկ ավելի ճիշտ ինչին նրան սովորեցրել էր մեր հասարակությունը, որը եթե նույնիսկ սկսում է պայքարել հանուն արդարության, ապա ոչ միշտ է գործն ավարտին հասցնում:
Չնայած ընկերության ղեկավարության` գործադուլը «խեղդելու» փորձերին, բողոքողները չհանձնվեցին… Ընկերության կողմից ճնշմանն ի հեճուկս` բողոքողները հաստատակամորեն հավատարիմ էին մնում իրենց պահանջներին և գործադուլն ավարտվեց միայն 9-րդ օրը… Ինչպես երևի ընթերցողը գուշակում է, բողոքող երկաթուղայինները հասան նրան, որ ընկերության ղեկավարությունն ի կատար ածի իրենց պահանջները: Դրված նպատակներին հասնելուց հետո միայն գործադուլը դադարեցվեց, իսկ նրա մասնակիցները բարեհաջող վերադարձան իրենց աշխատատեղերը:
Եթե երկաթուղայինները չդիմեին գործադուլի մեթոդին, ապա ընկերության ղեկավարությունն այդպես էլ կշարունակեր աշխատակիցների նկատմամբ խտրականություն դրսևորել: Եթե բողոքող երկաթուղայինները չցուցաբերեին հաստատակամություն, ապա գործադուլն արագ կդադարեցվեր: Աշխատակիցների մի մասին աշխատանքից կազատեին, իսկ մնացած մասն այդպես էլ կշարունակեր աշխատել ստրկական պայմաններում: Այդ իրավիճակին կարելի է ընդամենը հավելել, որ եթե գործադուլին մասնակցեին ընկերության ավելի շատ աշխատակիցներ, ապա այն` գործադուլը, կավարտվեր նույն արդյունքով, բայց հավանաբար, ավելի շուտ: Միաժամանակ եթե ամբողջ 13 000 աշխատակիցների այդ 4% (500 մարդուց պակաս) մտածեր, որ «մենք շատ քիչ ենք, մեկ է, մեզ մոտ ոչինչ չի ստացվի», ապա այսօր մենք դժվար թե գրեինք այս հոդվածը…
Իսկ հիմա լավ կլիներ, եթե հարգելի ընթերցողը փորձեր հիշել, թե քանի՞ անգամ է ինքը դարձել իր հանդեպ անարդար վերաբերմունքի զոհը, և քանի՞ անգամ ու ի՞նչ կերպ է նա փորձել պայքարել այդ անարդարության դեմ:
Եթե զուգահեռ անցկացնենք հավաքական իրավունքների պաշտպանության հետ, ապա պայքարի հիմնական, գլխավոր պայմանն այն է, որ հավաքական իրավունքների խախտման դեմ պետք է պայքարել ոչ անհատական միջոցներով, այլ հավաքական:
Իսկապես, գոյություն ունեցող աշխարհակարգի պայմանները մասնակիորեն ուղղված են նրան, որպեսզի հեռացնեն մարդկանց միմյանցից: Ուղղված են նրան, որ թույլ չտան մեզ նույնիսկ մտածել, որ, միավորելով մեր ուժերը, մենք կարող ենք ինքներս մեր համար ձեռք բերել հավաքական արդարություն: Բայց միաժամանակ, մեր շուրջը միշտ երևում են հավաքական պայքարի հաջողությունը հաստատող օրինակներ: Մեզ մնում է ընդամենը տեսնել այդ օրինակները և դարձնել դրանք մեր առօրյա կյանքի մի մասը: