ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը կրթական նոր հնարավորություններ են ընձեռել Դսեղի պատանիներին


ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը կրթական նոր հնարավորություններ են ընձեռել Դսեղի պատանիներին

  • 26-12-2014 17:43:51   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է հերթական՝ թվով 6-րդ ստեղծագործարանը: Էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած կրթասրահում սովորելու են Լոռու մարզի Դսեղ համայնքի դպրոցի աշակերտները: 
 
Ստեղծագործարանն օգնելու է ոչ միայն ուսումնատենչ աշակերտներին, այլև բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ցանկանում են տեխնոլոգիաների կիրառումն ինտեգրել դասապրոցեսում` այն դարձնելով ավելի հետաքրքիր և ուսանելի: Նորարարական այս դասասենյակի առանձնահատկություններից է տեխնիկապես հզոր հագեցվածությունը, ինչպես նաև հատուկ շարժական կահույքի առկայությունը: Վերջինս աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել և´ անհատական, և´ զույգերով, և´ խմբային աշխատանք:
 
Գործընկեր կազմակերպությունները լիահույս են, որ ստեղծագործականությունը խթանող ժամանակակից միջոցներ տրամադրելով գյուղի դպրոցին` նպաստում են աշակերտների ընդունակությունների բացահայտմանն ու զարգացմանը: Կարևոր է, որպեսզի ստեղծագործելու հնարավորություն ընձեռող ժամանակակից գործիքները հավասարապես հասանելի լինեն թե՛ քաղաքի, թե՛ գյուղի երեխաներին: 2013-2014թթ. ընթացքում նույն ծրագրի շահառու են դարձել նաև Արմավիրի մարզի Սարդարապատ, Վանանդ, Հացիկ, Արագածոտնի մարզի Արտենի, ինչպես նաև Լոռու մարզի Թումանյան համայնքի երեխաները:
 
«Զարգացման ձգտող որևէ երկիր կարևոր տեղ է հատկացնում կրթությանը: Գիտելիք ձեռք բերելը, սակայն, բավարար չէ հաջողության հասնելու համար: Անհրաժեշտ է իմացության բազայից խելացի օգտվելու կարողություն, այդ ամենը կոնկրետ գործողության մեջ տեսնելու հմտություն և որոշումներ կայացնելու ճկունություն: Դպրոցական սեղանների մոտ տարիներ շարունակ ձեռք բերած հմտություններն առավել օգտակար են լինում, երբ աշակերտը կարողանում է տրամաբանել և դրսևորել ստեղծագործ մոտեցում: Կարծում եմ, որ այսօրինակ ստեղծագործարանները ֆունկցիոնալ առումով կծառայեն հենց այդ նպատակին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը կարևորել է տեխնոլոգիաների զարգացումը գյուղերի կրթական հաստատություններում: Ըստ տիկին Եդիգարյանի՝ «COAF-ի զարգացման փիլիսոփայությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ գյուղերը առանցքային դեր են խաղում երկրում տնտեսական աճ ու կայուն զարգացում ապահովելու, ինչպես նաև կրթության որակը բարձրացնելու գործում: Մեր հուսալի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը թույլ կտան տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավել տեղեկատվության հասանելիությունը, զարգացնել նորարարությունն ու ստեղծագործականությունը»:
 
245 աշակերտ ունեցող Դսեղի դպրոցը լավ ավանդույթների հետևող կրթօջախ է: Այստեղ սովորում են տաղանդավոր շատ երեխաներ, ովքեր տարբեր մրցույթների և փառատոնների մասնակիցներ ու հաղթողներ են: Ի լրումն դպրոցում դասավանդվող հիմնական օտար լեզվի՝ գերմաներենի, Դսեղում գործում է նաև անգլերեն լեզվի արտադասարանական խմբակ: Նորաբաց ստեղծագործարանը կնպաստի Դսեղի դպրոցի աշակերտների հմտությունների և գիտելիքի աճին, կբարձրացնի տեղեկատվական ու հաղորդակցական հմտությունների տիրապետման մակարդակը, կխրախուսի տեխնոլոգիաների օգտագործումը թե´ կրթելու, թե´ կրթվելու գործընթացում: 
 
*****
Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասին
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի Բաղրամյանի և Թալինի շրջանների 22 գյուղական համայնքների ավելի քան 30,000 բնակիչները: Զարգացման համալիր միջամտություններ են իրականացվել ութ և ընտրովի ծրագրեր վերոնշյալ մարզերի այլ համայնքներում: Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել am.coafkids.org և www.coafkids.org:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ