ՀՑԹԻ-ն հրատարակել է Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» հուշագրության ռուսերեն թարգմանությունը
27-12-2014 16:51:55 | Հայաստան | Նոր գրքեր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է օսմանյան բանակի հայազգի սպա Սարգիս Թորոսյանի բացառիկ նշանակության հուշագրության ռուսերեն թարգմանությունը:
Հուշագրությունը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի թոհուբոհով անցած օսմանյան բանակի հայազգի սպայի ոդիսականը։ Դեպքերի ու դեմքերի անսպասելի անցումները, ցեղասպանության պատմությունը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսյանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրավիչ հուշագրություն, որի ընթերցումն անջնջելի տպավորություններ է թողնում։
Սարգիս Թորոսյանի հուշագրությունը պարզապես հուշեր չեն, այլ եզակի գրավոր հուշարձան և Հայոց ցեղասպանության կենդանի վկայություն: Սարգիս Թորոսյանը, որպես պատերազմի ամենաարյունալի մարտերից մեկի՝ հայտնի Դարդանելի ճակատամարտի մասնակից, պարգևատրվել է օսմանյան կառավարության կողմից: Սակայն, այդ նույն կառավարության կողմից նրա մտերիմներն ու հարազատները աքսորվել են և վայրենաբար սպանվել: