ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ


ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

  • 13-01-2015 16:16:29   | Հայաստան  |  Վերլուծություն
 
 
 
 
 
Հայկական լեռնաշխարհի բնիկ Հայոց ավելի քան հինգհազարամյա պետականության՝ հնագույն ժամանակներից եկող էթնոհոգևոր ակունքների մասին են վկայում Ք.ծ.ա. X-IX հազարամյակների` Պորտասարի հնավայր-տաճարը (Հայկական Միջագետք), Ք.ծ.ա. VIII-II հազ.` Աղձնիքի, Այրարատի, Սյունիքի (Գեղամա լեռներ, Ուխտասար), Բարձր Հայքի, Գուգարքի, Կարս-Վանանդի, Արցախի, Նախիջևանի, Վասպուրականի, Կորդուքի ժայռապատկերները, հնագիտական պեղումներով հայտնաբերված հնավայրերը և սրբավայրերը, ինչպես նաև Ք.ծ.ա. III հազ. - I հազ. կես` սեպագիր և Ք.ծ.ա. I հազ. կեսերից՝ անտիկ ու հետագայում՝ միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրների տվյալները: Հայաստանում Հայկազունների հարստության գլխավորած՝ Արատտայի [ըստ շումերական դյուցազնավեպի՝ «սուրբ ծեսերի (կամ օրենքների) երկիր»], Արմանումի, Հայք-Հայասայի, Նաիրիի, Բիայնիլիի (Վան-Արարատ-Ուրարտու), Մեծ Հայքի Հայկազուն-Երվանդյան (նաև Փոքր Հայքում) և Հայկազուն-Արտաշեսյան թագավորությունները, որոնց գագաթնակետն էին Արգիշտի Ա-ի (Ք.ծ.ա. 786-764թթ.) և Տիգրան Բ Մեծի (Ք.ծ.ա. 95-55թթ.) տերությունները, հսկայական ժառանգություն են թողել, որի վրա բարձրացան Մեծ Հայքում` հայ Արշակունիների, Հայկազուն՝ Արցախյան Սիսակյան-Առանշահիկ, Բագրատունյաց և Կիլիկիայի Հայկական թագավորությունները:
 
Հնագույն ժամանակներից անցյալի հետ ոգեղեն կապի միջոց էին նախնիների պաշտամունքը և դիցաբանությունը՝ որպես հայրենանվեր գործերի ոգեշնչման և, Հայրենիքի պաշտպանությամբ` ազգային-հոգևոր հարատևության գրավական: Արարատի լեռներում՝ Հայկական լեռնաշխարհում, Դրախտով, Նոյան տապանով և Հավիտենական Ուխտով [1, Ծննդ. Բ 8-14, Ը 4, Թ 12-17] վկայված ճշմարիտ աստվածպաշտությամբ են հզոր Հայոց էթնոհոգևոր արմատները: Եղիշեն գրել է. «Երկու գետով (Եփրատ և Տիգրիս- Է.Դ.) եւ տապանաւն գեր ի վերոյ եմք քան զյոլովս» [2, էջ 245]:
 
Հայկական լեռնաշխարհի բնապատմական միջավայրում են ընթացել բնիկ հայկական էթնոհոգևոր, մշակութային, հասարակական և քաղաքական զարգացումները:
 
Հայոց անվանադիր նախնի Հայկը, Հայկյան Արամը և Հայկազուն սերունդների փառապանծ հերոսները, ըստ Մովսես Խորենացու [3], մշտապես կործանել են արտաքին աշխարհից ներխուժող օտար, չարը մարմնավորող` ստրկություն և կռապաշտություն բերող խավարի ուժերին, նրանց դուրս մղելով Հայոց աշխարհի սահմաններից։ Միքայել Չամչյանցը և Ղևոնդ Ալիշանը, հիմնվելով Մովսես Խորենացու երկի վրա, Հայոց պատմության հոգևոր ակունքները համարել են սրբագործված Հայկի լուսավոր հաղթանակով խավարը մարմնավորող Բելի դեմ [4, էջ 153; 5, էջ 79-81, 94-96]: Հայոց ձորի հաղթական ճակատամարտում Հայկը համախմբել էր «արանց զօրաւորաց... զորդիս իւր և զթոռունս, արս քաջս և աղեղնաւորս» [3, ԺԱ]` ազգային Աշխարհազորը: Հայոց աշխարհի պաշտպանությունը Հայկազունները հաստատակամորեն իրագործել են՝ ապավինելով սեփական ուժին: Այդ է ավելի քան հինգհազարամյա ազգային Աշխարհազորի հիմքի վրա բարձրացած Հայոց բանակի անպարտելիության գրավականը և գաղափարական զենքը:
 
Խորենացիական իմաստավորմամբ, Հայաստանը (Մեծ Հայք, Փոքր Հայք, Միջագետք Հայոց կամ Հայկական Միջագետք) իր բնապատմական միջավայրում՝ արգասավորված Հայոց ազգային արժեհամակարգով, հարատևող ամբողջություն է, որի գոյաբանական խորհրդանիշն են Հայկազունները:
 
Հայ ազգի անպարտելիության համոզմունքով (Հայրենիքի հարատևման գաղափարն ավանդաբար բյուրեղացվելով հին Հայոց առասպելաբանությունում)՝ հայ ժողովրդի ազատատենչ ոգին մարմնավորող հերոսն անմահացվում էր երկնքում՝ ի դեմս Հայկի համաստեղության, Արայի աստղի, Վահագնի արեգակնային կերպարի:
 
V դարի հայ քաղաքական միտքը հուզող` Հայրենիքի ազատության և Հայոց ամբողջական պետության վերականգնման գաղափարը` հայկական պետականության և հոգևոր ներուժի ներդաշնակմամբ, Մովսես Խորենացու ազգապահպան խոհերի առանցքումն էր: Հայոց աշխարհը հյուսիսային ազգերի մեջ համարելով վեհագույնը՝ Պատմահայրն ազգանվեր գործունեության հիմնարար չափանիշն է համարել Հայկ Նահապետի կերպարը, որը ոգեշնչման աղբյուր է ազգանվեր գործունեությանը պատրաստ հայորդիներ դաստիարակելու գործում՝ արժանի գրանցվելու Հայոց պատմության մատյանում, քանզի «բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոյ յիշատակի» [3, էջ 10]:
 
Մովսես Խորենացին հայ պատմիչներից առաջինն էր, որ մի կողմից պատմական սկզբնաղբյուրներից, իսկ մյուս կողմից` բանահյուսության և աստվածաբանության բնագավառներից եկող տեղեկություններին մոտենալով ամբողջական հայեցակարգով՝ Հայոց պատմությունը շարադրեց հնագույն ժամանակներից մինչև իր ապրած և ստեղծագործած դարաշրջանը` ճշմարիտ պատմության առանցքը համարելով ժամանակագրությունը` «քանզի ոչ է պատմութիւն ճշմարիտ առանց ժամանակագրութեան» [3, էջ 224]: Այս սկզբունքին են հետևել նաև մյուս հայ պատմիչներն իրենց երկերում: Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը (950-ական թթ.-XIդ. առաջին կես) գրել է. «Երիս զարմս յերիս ժամանակս թագաւորեալ Հայոց՝ ամենեցուն յայտնի է, զՀայկազեանցն ասեմ և զԱրշակունեաց և զԲագրատունեաց» [6, էջ 157]։
 
Մովսես Խորենացու երկը հիրավի ուղեցույց է հնագիտության և սեպագրագիտության ասպարեզներում հայագիտական մեթոդաբանության կիրառմամբ: Պատմահոր հաղորդած տեղեկությունների շնորհիվ հին Հայոց մայրաքաղաքների` Վանի, Արմավիրի, Երվանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Վաղարշապատի, Դվինի և այլ հնավայրերի ու պատմական հուշարձանների հնագիտական և պատմագիտական ուսումնասիրությունների հիմքն է դրվել: Հնագիտության և վիմագրության տվյալներն ապացուցում են Պատմահոր հաղորդումների ճշմարտացիությունը, ինչպես, օրինակ՝ Վանի սեպագիր արձանագրությունների, Մենուայի ջրանցքի, Արտաշես Ա արքայի սահմանաքարերի հայտնաբերմամբ, հին Հայոց մայրաքաղաքների հնավայրերում կատարված պեղումներով և այլն:
 
Քրիստոնեական հավատքը Առաքելական քարոզությամբ Հայաստանում ընձյուղվում էր ճշմարիտ աստվածպաշտության վկայության լուսեղեն ակունքներին՝ հաստատելով Հայ Առաքելական եկեղեցին: Պատմահոր հաղորդմամբ՝ Հայոց արքա Աբգարը հավատաց Քրիստոսին և ընդունեց քրիստոնեությունը I դարի առաջին կեսին [3, էջ 151-152]: Սբ Գրիգոր Լուսավորիչը, շարունակելով առաքելական գործը, Տրդատ III Մեծ թագավորի հետ, 301թ. քրիստոնեությունը Հայաստանում առաջինն աշխարհում հռչակեցին պետական կրոն:
 
Սբ Մեսրոպ Մաշտոցի հայ գրերի գյուտով (405թ.) արգասավորված հայ գրականության Ոսկեդարում (Vդ.) հայրենի պատմության իմացությունը` պատմագրությամբ, աշխարհագրությամբ, տիեզերագիտությամբ, իմաստասիրությամբ և աստվածաբանությամբ ընկալվող հայրենաճանաչողության բնագավառ էր, որի իմաստավորումը՝ Սուրբ Վարդանանց փառքի լուսապսակով, Հայկազուն յուրաքանչյուր սերնդի ազգանվեր գործունեության գրավականն է:
 
 
Սկզբնաղբյուրներ և գրականություն
 
1. Գիրք Աստուածաշունչք Հին և Նոր Կտակարանաց, Վենետիկ, 1860:
 
2. Լևոն Խաչիկյան, Եղիշեի «Արարածոց մեկնութիւնը», Երևան, 1992:
 
3. Մովսէս Խորենացի, «Պատմութիւն Հայոց», Երևան, 1991։
 
4. Միքայել Չամչեանց, Պատմութիւն Հայոց, հ. Ա, Վենետիկ, 1784։
 
5. Ղևոնդ Ալիշան, Յուշիկք հայրենեաց Հայոց, հ. Ա, Վենետիկ, 1869։
 
6. Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885:
 
 
Էդուարդ Դանիելյան 
«Նորավանք» ԳԿՀ խորհրդական, պ.գ.դ.
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play