Վրաստանը մինչ օրս չի ճանաչել 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը
28-01-2015 13:05:24 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Վրաստանի Ազգային Վիճակագրական գործակալության տարածած տվյալների համաձայն` Վրաստանում ամենատարածված ազգանունների հնգյակում հայտնվել է երկու ադրբեջանական ազգանուն: Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալության տարածած տվյալները (ազգանունների և երկրի` տվյալ ազգանունը կրող քաղաքացիների քանակը): Բերիձե -28 548(առաջին տեղն ըստ տարածվածության), Մամեդով -28 118(երկրորդ տեղն ըստ տարածվածության), Ալիև -19 013(չորրորդ տեղն ըստ տարածվածության), Գելաշվիլի -18 215(հինգերերդ տեղն ըստ տարածվածության): Ամենատարածված ազգանունների 20յակի մեջ կա նաև Բայրամով ազգանունը -10 247(18 տեղը): Հայկական ազգանուն հրապարակված տվյալներում չկա:
Հունվարի 27-ին Խորհրդարանական փոքրամասնության անդամ Գիգի Ծերեթելին դիմել է երկրի կառավարությանը նվազագույն սպառողական զամբյուղի մինիմումը բարձրացնելու կոչով: Պատգամավորը իշխանությանն արած իր կոչը հիմնավորում է նրանով, որ ազգային արժույթի կուրսը դոլարի համեմատությամբ վերջին տարիների ընթացքում զգալիորեն փոխվել է, ապրանքները թանկացել են, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը մնացել է նույնը: «Լարիի արժեզրկումը շատ բացասականորեն է ազդել մեր քաղաքացիների կենսամակարդակի վրա: Հատկապես նրանց վրա, ովքեր մինչ այդ էլ ապրում էին ծանր սոցիալական պայմաններում: Քաղաքացիների մեծ մասն ապրում է բանկերից դոլարով վերցրած վարկերի հաշվին… Դոլարն օրեցօր թանկանում է, իսկ լարիով նվազագույն աշխատավարձերը մնում են նույնը: Մենք չենք տեսնում կառավարության կողմից իրականացվող քայլեր, որոնք կթեթևացնեն երկրի քաղաքացիների կյանքը: Ավելին, ազգային արժույթի անկումը մասամբ հանդիսանում է կառավարության ոչ ճիշտ քայլերի արդյունք: Բազմաթիվ փորձագետներ արդեն վաղուց խոսում են այն մասին, որ կառավարության կողմից հաստատված նվազագույն սպառողական զամբյուղը 160 լարիի ճափով, չի արտացոլում իրական պատկերը և քաղաքացիների իրական պահանջները: Եվ նույնիսկ չնայած այդ անիրական թվին` 160 լարին ծիծաղելի թիվ է: Եթե 2012թ. թոշակառուները ստանում էին 90 դոլար (համապատասխան այն ժամանակվա դոլարի համեմատ լարիի կուրսին), ապա այսօր թոշակառուները ստանում են 75 դոլար: Անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը փոփոխի միջին սպառողական զամբյուղի քանակը: Դա անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան պարզագույնս գոյատևել», -հունվարի 27-ին հայտարարել է Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը:
Վրաստանի Ազգային Բանկի հաստատած կուրսի համաձայն` հունվարի 28-ին մեկ դոլարը կարժենա 2.0144 լարի. Ազգային արժույթի արժեզրկման կապակցությամբ հունվարի 27-ին Վրաստանի Կառավարությունում վարչապետի ատենապետությամբ կայացել է արտահերթ նիստ: Հանդիպմանը մասնակցում էին Ֆինանսների, Տնտեսության, Գյուղատնտեսության նախարարները, Վրաստանի Ազգային Բանկի տնօրենը, «Վրացական Երկաթգծեր» ընկերության ղեկավարն և բիզնես-օմբուցմենը: Արտահերթ նիստի ո´չ սկզբում, ո´չ վերջում պաշտոնական հայտարարություններ չեն արվել:
«Կառավարության հանդեպ վստահության հարցը վաղ թե ուշ կդառնա օրակարգային: Դա կլինի ոչ թե վաղը կամ մյուս օրը, այլ մոտական ամիսների ընթացքում: Դա անխուսափելի է: Բացի առողջապահության և սոցիալական նպաստի համակարգերից մնացած բոլոր բնագավառներում գոյություն ունեն չլուծված հարցեր: Կառավարությունն այսքան տարիների ընթացքում չկարողացավ լուծել որևէ լուրջ խնդիր: Չնայած դրան Կառավարությունն այնուամենայնիվ, ունի դրական կողմը: Նա փորձում է արձագանքել այն հարցերին, որոնք բարձրաձայնում է վրաց հասարակությունը: Մինչդեռ եթե չսկսել իրականորել պայքարել խնդիրների դեմ, ապա սուր ճգնաժամն անխուսափելի է: Երկրում արդարության վերականգնման մակարդակի շարժը բավարար չէ հասարակության համար: Իսկապես նախկին ռեժիմի զերծումը հեշտ գործ չէր, բայց հեռացնել ռեժիմը չի նշանակում վերացնել համակարգը: Համակարգը շարունակում է մնալ նախկինը: Համակարգը չի փոխվել, և եթե կառավարությունը չընդունի արմատական, համակարգային որոշումներ, ապա նա վտանգված է համակարգի գերին դառնալուն: Վերջին ժամանակներս մեր երկրի բոլոր իշխանությունների համար հիմնական հենակետ էին ուժային գերատեսչությունները և կառույցները: Ներկայիս կառավարությունը ևս չկարողացավ «հանձնել մի քանի քննություն»: Այդ «չհանձնված քննությունները» ցույց տվեցին, որ ուժային գերատեսչությունները, համակարգը հաղթել են կառավարությանը: Լսումների մասին օրենքը, քաղաքացիների հանցաքննման թեման և շատ այլ բաներ ապացուցում են, որ համակարգը դեռևս ողջ է և այն շարունակում է շահել հասարակության մեջ: Համակարգը նորից ցույց է տալիս իր ուժը… Ահա այսպիսի դրամատիկ իրավիճակ…», -հունվարի 27-ին հայտարարել է վրացի փորձագետ Գիա Խուխուշվիլին:
Հունվարի 27-ին Վրատսանի նախագահը մասնակցել է Վրաստանի հրեական համայնքի կողմից կազմակերպված միջոցառմանը` նվիրված «Ոսվենցիմ» կոնցլագերի ազատագրման 70 ամյակին և հրեա ժողովրդի ցեղասպանության (հոլոքոստ) միջազգային օրվան: Դիմելով հավաքված հյուրերին` Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել հրեա ժողովրդին և հատկապես նշել է, որ յուրաքանչյուրի պարտքն է անել հնարավորինս, որպեսզի նման հանցագործություն այլևս երբեք չկրկնվի: «Հոլոքոստը մեզ ակնհայտորեն ցույց տվեց, թե ինչի կարող է հասնել մարդը, եթե իր գործողությունների հիմքում դրված լինի ատելությունն այլ մարդկանց հանդեպ և եթե ինքն իրեն համարի ընտրյալ… Անցյալ օրերի փորձը նախազգուշացնում է մեզ, որ անհանդուրժողականության հանդեպ ցուցաբերած անուշադրության պատճառով մենք բոլորս թանկ ենք վճարելու: Հատկապես այդ պատճառով մեզանից յուրաքանչյուրը պետք է անի ամեն ինչ, որպեսզի նման ողբերգություն այլևս չկրկնվի: Դա նշանակում է, որ մենք պետք է պայքարենք ատելության, անհանդուրժողականության և խտրականության ցանկացած դրսևորման դեմ: Մենք պետք է կանխենք նման գործողությունները մինչև դրանց ի հայտ գալը: Հոլոքոստի զոհերի հիշատակը մեզ պատասխանատվության կոչ է անում պահպանելու խաղաղությունը և փոխըմբռնումը», -հունվարի 27-ին հայտարարել է Վրաստանի նախագահը: Հիշեցնենք, որ Վրաստանը մինչ օրս չի ճանաչել 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը և չի դատապարտել նրա կազմակերպչին` Թուրքիային: Հայ ժողովրդի դեմ իրագործած Ցեղասպանությունը չճանաչելու քաղաքականությունը Վրաստանի իշխանությունները հիմնավորում են «Թուրքիայի հետ հարաբերությունները չվատթարացնելու» ցանկությամբ: