Բիզնեսը պետք է զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկից. ՀՀ կառավարություն


Բիզնեսը պետք է զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկից. ՀՀ կառավարություն

  • 12-02-2015 14:20:21   | Հայաստան  |  Տնտեսություն

 






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության նիստում հավանություն ստացած օրենսդրական երկու նախաձեռնությունները միտված են գործարար միջավայրի բարելավմանը: Որոշման նախագծերը ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի առաջարկով պատրաստել էր կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը: Նախ հավանության է արժանացել «Թանկարժեք մետաղների մասին», «Լիցենզավորման մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար տրվող արտոնագիրը վերացնել և փոխարինել մեր երկրում առաջին անգամ կիրառվող ծանուցման գործընթացով: Դրա շնորհիվ տնտեսվարող սուբյեկտների ծախսը կնվազի ավելի քան 80 տոկոսով: Հաջորդ որոշմամբ հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կբարելավվեն գործարարության ծավալման պայմանները, կկրճատվի տնտեսվարող սուբյեկտների ծախսը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նշված գործընթացների պարզեցումը և հանձնարարել «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի ղեկավարությանը շարունակել բիզնեսի համար դյուրին պայմաններ ստեղծելու գործընթացը, որպեսզի հնարավորինս կրճատվեն բյուրոկրատական քաշքշուկն ու թղթաբանությունը:
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
 

 Աջակցություն է ստանում սոցիալական պաշտպանության ոլորտը


ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 150 հազար ԱՄՆ դոլար է: Մեկ դոլարի փոխարժեքի բարձրանալու հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել եկամտի և ծախսի գումարները, որոնք հատկացվելու են «Կենսաթոշակային բարեփոխման իրազեկման կենտրոն» հիմնադրամին: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված մեկ այլ պայմանագրով կապահովվի «Աջակցություն Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և աշխատակազմի կարողությունների բարելավման համար ՏՏ նոր գործիքների ներմուծմանը» ծրագրի իրականացումը մինչև 2015թ. մարտի 31-ը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատներում խնամվում է 1090 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ, որոնց համար անհրաժեշտ է ձեռք բերել այլ ապրանքատեսակներ, որոնք ներառված չեն ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշմամբ հաստատված հավելվածներում: Գործադիրը լրացում է կատարել նշված որոշման մեջ՝ նախարարությանը հնարավորություն ընձեռելով ձեռք բերել այլ ապրանքատեսակներ:

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն