Փետրվարի 12-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռամբ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ:
Հավարտ Ս. Պատարագի, Իջման Ս. Սեղանի առջև խոսված իր քարոզում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Ս. Վարդանանց նահատակների տոնի խորհրդին: «Արդարությունն ու անմահությունը Աստծուց մարդուն տրված մեծագույն պարգևներն են: Եվ այսօր, սիրելի հավատացյալներ, այդ արդարության ու անմահության վերարժևորման օրն է՝ տոնը Սրբոց Վարդանանց հազար երեսուն և վեց վկայից: Արիության, հերոսության, քաջության և հավատքի հանդեպ անվեհերության դրսևորման վերապրման օրն է այսօր, երբ յուրաքանչյուր քրիստոնյա, առավել ևս հայ, հպարտությամբ է լցվում՝ կարդալով ոսկեղենիկ Եղիշեի հերոսապատումը: Ինքնազոհաբերություն. ահա այն մեծ պատգամը, որն ավանդեցին մեզ Վարդանանք՝ նահատակություն վասն հավատո, վասն հայրենյաց, վասն Քրիստոսի: Թեև անձնազոհությունը հատուկ է բանական արարածին, սակայն, կյանքի ընծայաբերումը կարևորագույն արժեքների համար դյուրին չէ, եթե չկա այն իրականացնելու համար անհրաժեշտ հոգու արիություն և ազգային-կրոնական բարձր գիտակցում:
Անմեղ նահատակներ չէին Վարդանանք, այլ հավատքի ու հայրենյաց վկաներ՝ հայրենի հողը իրենց սուրբ արյունով ոռոգած: Նրանք նահատակության և իրենց արյան միջոցով պահպանեցին քրիստոնեական հավատքը, որովհետև այդ ամենը ոչ միայն գաղափար էր, այլ մտածողություն, գիտակցություն, կենսակերպ, «մաշկի գույն» և ոչ ոք, առավել ևս ոչինչ չի՛ կարող հանուն Քրիստոսի նահատակության պատրաստ քրիստոնյայի միջից հանել այդ ամենը՝ ո՛չ սուրը և ո՛չ էլ հուրը: Հավե՛րժ է Վարդանանց ոգին, իսկ ներշնչանքը՝ հավերժացնո՛ղ»:
Սրբազանը նաև նշեց, որ թեև այսօր հայոց ազգը չի հալածվում իր հավատքի համար, սակայն Վարդանանց հոգևոր և մարմնավոր, տեսանելի ու անտեսանելի պայքարը շարունակվում է. ազգը կանգնած է զանազան մարտահրավերների առջև: Մուշեղ Սրբազանը հորդորեց հավատավոր հայորդիներին շարունակել Ս. Վարդանանց սխրանքի ոգեկիրները մնալ:
Քարոզի ավարտին պատարագիչ Սրբազանը Հայ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասի և հավատավոր ժողովրդի անունից շնորհավորեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա առիթով` մաղթելով Ս. Վարդանանց բարեխոսությամբ քաջառողջ կյանքի երկար տարիներ, զորավոր իրագործումներ և տասնամյակների անվրդով գահակալություն ի փառս Աստծու, ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի վայելումն ազգիս հայոց:
Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջև Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության ու արգասավոր հովվապետության համար:
Օրհնելով ներկա հավատավոր ժողովրդին և ուխտապահ հոգևոր դասին` Հայոց Հովվապետն իր հերթին շնորհավորեց բոլոր նրանց, որոնց անվանակոչության օրը նշվում է Ս. Վարդանանց տոնին:
Պատարագի արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզային իշխանությունների ներակայացուցիչներ, ինչպես նաև` «ԷԿԼՈՖ» հիմնադրամի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը: