«Փուչիկն աշխատում էր՝ ոչնչացնելով ընդդիմադիր դաշտը».Մանվել Սարգսյան


«Փուչիկն աշխատում էր՝ ոչնչացնելով ընդդիմադիր դաշտը».Մանվել Սարգսյան

  • 06-03-2015 14:09:45   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
Լրագրի զրուցակիցն է Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը

 

Պարոն Սարգսյան, ԲՀԿ-ի նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն այսուհետ իրեն հռչակում է ընդդիմություն։ Ընդհանրապես, ինչ տեղի ունեցավ քաղաքական դաշտում, Գագիկ Ծառուկյանին ասպարեզից հանելով՝ իշխանությունները ԲՀԿ-ն և ընդդիմադիր դաշտն ավելի վերահսկելի՞ դարձրին։

 

Եթե խոսենք ԲՀԿ-ի հետ կատարվածի մասին, ինձ ամենաշատ հետաքրքրել է այն, որ Ծառուկյանը հայտարարել է արյան վտանգի մասին, իսկ իր կողմնակիցները նշում էին, թե սպառնացել են նրան ոչնչացնել։ Մեկ պատճառաբանություն կար՝ արյան պատճառաբանություն։ Դե իհարկե, նման պատճառաբանության հիմնադիրն ինքը չէ, մարտի 1-ից հետո «մարտիմեկյան սինդրոմը» շատերն են հմտորեն օգտագործում` և իշխանությունները, և ընդդիմադիրները տարբեր նպատակներով րոպեն մեկ հիմնավորում են իրենց գործունեությունը կամ անգործունեությունը՝ ասելով, թե չեն ուզում արյան պատասխանատվություն վերցնել։ Նոր մոդա է դարձել։ Մի ժամանակ ասում էին ընտրությունները կեղծվում են, ռեժիմն այսպիսին է, ի՞նչ անենք: Այդ ֆոնի վրա շատ հետաքրքիր էր` ԲՀԿ-ում մի մարդ կգտնվի՞, որը համոզված լինելով, որ այդ ամենը Ծառուկյանը ճիշտ է հանրությանն ասել, պաշտպանի վերջինիս։ Զարմանալիորեն ես մեկ մարդ անգամ չտեսա այդ կառույցից, որ պաստառը վերցներ գնար Բաղրամյան 26-ի կամ ՀՀԿ գրասենյակի դիմաց կանգներ ու պաշտպաներ իրենց առաջնորդին։ Սա շատ հետաքրքիր վիճակ է, որը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում լիակատար փուչիկ։ Այդքան մարդկանց մեջ մի՞թե մի մարդ չգտնվեց, որ հավատա իրենց կուռքին ու գնա պաշտպանելու։ Սա նշանակում է, որ գոյություն չուներ նման կառույց, այսօր էլ այն գոյություն չունի։ Մարդիկ են հավաքված այնտեղ, որոնք հիմա անտեր են մնացել։ Սա շատ բնական է, հիմնադրման պահից մինչև հիմա այդ փուչիկն աշխատում էր՝ ոչնչացնելով ընդդիմադիր դաշտը։ Երևի ինչ-որ մի հերթական դեր պիտի դրվի այդ խմբի վրա նոր իրավիճակում: Հավանաբար դրա համար հայտարարեցին իրենց ընդդիմություն, որ փորձեն էլի ինչ-որ ձևով օգտագործվել ընդդիմադիր զանգվածին շեղելու համար։

 

Այսօր իշխանությունները նաև հայտարարեցին, որ առաջիկայում ավելի շատ պայքարը կգնա նոր ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի միջև։ Այս պայմաններում Դուք տեսնո՞ւմ եք նախադրյալներ նոր ընդդիմության ձևավորման համար՝ եռյակի ու քառյակի սահմաններից դուրս։

 

Ընդդիմությունը կամ լինում է, կամ չի լինում։ Շատ է խոսվել ձեր նշած և ուրիշ կուսակցությունների դերի ու էության մասին, թե ինչով են նրանք զբաղված։ Հիմա հանրության մեծ մասն արդեն փայլուն հասկանում է, որ այդ ուժերի հետ որևէ հույս կապելy, թե կլուծեն հանրության առջև կանգնած խնդիրները, անիմաստ է։ Եթե հասարակությունը 2013 թվականին պատրաստ լիներ, ամբողջությամբ կժխտեր այդ խմբավորումների գործունեությունը, բայց այն ժամանակ կարծես թե այդպես հստակ չէին ընկալել իրավիճակը։ Անընդհատ շարունակվող կուսակցական խաղերը 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նաև 2013-ի նախագահական ընտրության ժամանակ, երբ ԲՀԿ-ն կանաչ լույս վառեց ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի առջև, հետո էլ մեկուսացրեց «Ժառանգության» առաջնորդին, ով այն ժամանակ դրել էր իր թեկնածությունը։ Դրանից հետո եղան Երևանի քաղաքապետի ընտրություններ, ու մենք նորից տեսանք, որ նորից շարունակեցին «Ժառանգության» և ՀԱԿ-ի մեկուսացումը: Այդ ժամանակ արդեն պետք է այս ամենը պարզ բոլորին ցույց տար, որ մենք գործ ունենք անսկզբունքային խմբավորումների ընդհանուր ինչ-որ խաղերի հետ, որոնք այս ռեժիմի հետ իրենց ներքին խնդիրներն են լուծում։ Այն ժամանակ դա լավ չընկալվեց, բայց հիմա ես արդեն նկատում եմ, որ մարդիկ շատ ավելի լավ են հասկանում, թե ինչ խմբավորումների հետ գործ ունեն։ Դրա համար հիմա որևէ նշանակություն չունի, թե ինչ նոր խմբավորումների անուններ են տալիս, ինչ նոր դերեր են բաշխում։ Դրանք հերթական նոր խաղերն են։ Ըստ երևույթին, հինը սպառել է իրեն ու չի աշխատում, դրա համար փորձում են ինչ-որ նոր խաղեր սկսել։ Ամենացավալին այն է, որ կուսակցությունները գերագույն հաճույքով գնում են այդ ամենին, կարծես հենց դա է իրենց գործունեությունը, որից ինչ-որ դիվիդենտներ են քաղում։ Չի երևում սկզբունքային մի մոտեցում, որ մարդիկ ի վերջո մի անգամ խոսեն ստեղծված իրավիճակի մասին։ Իրականում այս իրավիճակը երկար տարիների պատմություն ունի, բայց դրա բովանդակությունը երբեք չի բացվել։ Բովանդակությունն այն է, ինչ կա այսօր։

 

Ինչ վերաբերվում է նոր ընդդիմությանը, ապա այդ նոր ընդդիմությունը նա է, որն իր գնահատականը տալիս է ստեղծված իրավիճակին, անհամաձայնություն հայտնում, չի շարունակում, հրաժարվում է այդ խաղերից և ձևակերպում է կոնկրետ հանրային շահը ներկայացնող խնդիր և հանրության հետ միասին հետապնդում է այդ շահը, կամ հենց հանրությունն է հետապնդում իր շահը։ Ես արդեն չեմ էլ հավատում, որ որևէ կուսակցություն նման բան կանի։ Ես կարծում եմ, որ իմ նշած նոր ընդդիմությունը միայն կուսակցություններից դուրս կարող է լինել։ Դա բոլոր երկրների փորձն է ցույց տալիս, որոնք ինչ-որ պահի եկել հասկացել են իրավիճակը, որից հետո արդեն հանրություն է ոտքի կանգնել, ձևակերպել ընդդիմություն, դրել խնդիր ու գնացել լուծել այն։ Կլինի դա Հայաստանում, թե  չի լինի, կյանքը ցույց կտա։ Եթե չլինի, էլի խաղ կսկսվի, որը նորից 3-4 տարի կշարունակվի ուրիշ անունների տակ։

 

Պարոն Սարգսյան, ըստ էության իշխանությունն ինքն է խոսում ինստիտուցիոնալ, գաղափարական ընդդիմություն ունենալու անհրաժեշտության մասին։ Սրանք  ձևական հայտարարություննե՞ր են, թե իշխանությունը նույնպես հասկացել է դրա անհրաժեշտությունը։

 

Անգաղափար իշխանության համար գաղափար ի՞նչ է նշանակում, շատ դժվար է դա հասկանալ։ Մարդիկ, որոնք հավաքվել են գաղափարազուրկ կառույցում, գաղափարի տակ ինչ են հասկանում, թող մեկ անգամ բացատրեն, հանրությունն էլ, քաղաքագետներն էլ հասկանան։ Նաև թող բացատրեն իրենց սեփական գործունեության գաղափարական հենքը:

 

Եվ իրենք էլ որոշում են մեր ճակատագիրը։

 

Այնքան են որոշելու, մինչև իրենց հետ խոսվի այն լեզվով, որ լեզուն հասկանում են։ Այդպես եղել է բոլոր երկրներում, մինչև հանրությունը հասկացել է՝ ինչ լեզվով պետք է խոսել նման ռեժիմների հետ։ Հայաստանը մոտենում է  դրան, ռադիկալացումը իշխանության գործողությունների հանդեպ նկատվում է,  եթե նրանք րոպեն մեկ խոսում են, որ արյուն կթափեն, բնական է, հանրության մեջ էլ սկսում են ծնվել այդպիսի գաղափարներ՝ «եթե արյուն է, ուրեմն ձեզնով արյուն կլինի»: Այս տենդենց էլ է նկատվում, որը լավ տենդենց չի։ Բայց երբ նման գաղափար դրվում է քաղաքական կյանքում, ստեղծվում է հարաբերությունների սխեմա, որտեղ գործող ռեժիմը հայտնվում է պոտենցիալ պարտվածի դերում՝ միլիոնները ավելի հեշտ 20-30 մարդ կխփեն, քան 20-30-ը՝ միլիոններին։ Այսինքն՝ այս բոլոր միտումները նկատվում են, բայց այստեղ իհարկե պետք է փորձել ուրիշ ճանապարհով տանել երկիրը, թույլ չտալ նման պրոցեսները զարգանան։ Իրենք շատ են ինքնավստահ, որ ուժային մեթոդները արդյունավետ են, բայց քիչ հետո կհասկանան, որ դա գործող ռեժիմի պարտությունն է։

 

Իսկ արդյոք իշխող ռեժիմի առաջ հնարավոր է հանրության կողմից դրվեն այնպիսի խնդիրներ, որոնք արյամբ լուծել անհնար կլինի, և իշխանությունը ստիպված կլինի նահանջել։ Այսօր ի՞նչ խնդիր պետք է դրվի:

 

Մարդիկ ուղղակի պետք է համոզեն գործող վարչախմբին, որ անօրինական զենք կիրառելը լուծում չէ, որ կրակոցը, որ իրենք արձակեն, վերադառնալու է եւ իրենց ճակատին է խփելու: Երբ համոզեն՝ նրանք հետ են կանգնելու։ Շատ երկրներում մարդիկ ճշգրիտ գործողություններով հանգիստ համոզել են, և այդ ժամանակ ռեժիմները հրաժարվել են ու հեռացել. Մեզ մոտ դեռ չեն եկել դրա գիտակցմանը, թեև ուրիշ երկրների փորձից պետք է դա հասկանան։

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play