Հայաստանում հանքավայրերի մասին տեղեկատվությունը թաքցվում է հասարակությունից


Հայաստանում հանքավայրերի մասին տեղեկատվությունը թաքցվում է հասարակությունից

  • 09-03-2015 18:59:07   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հայաստանի տարածքում շահագործվող հանքավայրերի մասին տեղեկատվությունը համարվում է երկրաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, հետևաբար այդ մասին որևէ ինֆորմացիա չի տրվում հետաքրքրվողներին»,- այսպիսի հիմնավորմամբ ՀՀ Էներգետիկայի և բանական պաշարների նախարարությունը մերժել է Համահայկական բնապահպանական ճակատի անդամներին և գիտնական Հրաչյա Ավագյանին, երբ վերջիններս փորձել են տեղեկություն ստանալ Հայաստանի տարածքում գործող մետաղական հանքերի շահագործման մասին: Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը տեղեկացրեց, որ ՀՀ անկախության հռչակագրում հստակորեն ամրագրված է, որ Հայաստանի տարածքում գտնվող բնական պաշարները, այդ թվում նաև ընդերքինը,  հանդիսանում են պետության և ժողովրդի սեփականությունը, ուստի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ով հետաքրքրված է դրանցով, ունի իրավունք իմանալու, թե ով և ինչպես է օգտագործում այդ պաշարները:
«Եթե որոշ մարդկանց կարծիքով Հայաստանում շահագործված և վերամշակված հումքը համարվում է երկրաբանական տեղեկություն, ապա անիմաստ է խոսել տեղեկատվության ազատության մասին, ավելին` այստեղից կարելի է ենթադրել, թե ինչպես են շահագործվում այդ հանքավայրերը, ինչպիսի արդյունավետությամբ, և ինչ է մնում դրանից հետո»,- ասաց Լ. Գալստյանը:
Նրա պնդմամբ` Հայաստանում ոչ ոք տեղեկություն չունի, թե 22 պոչամբարներն ինչ վնասակար, թունահարույց  կամ գուցե օգտակար նյութեր են պարունակվում:
«Եթե այդ պոչամբարների շրջակայքում բնակվողները չունեն ինֆորմացիա դրանցում պարունակվող նյութերի մասին, ապա ինչպես կարող են զգուշանալ»,- ասաց Լ. Գալստյանը` հավելելով, որ անհրաժեշտ է պետական լուրջ մոտեցում:
 Ըստ աշխարհագրագետի ` պետական մոտեցման բացակայության պատճառով  մետաղական հանքավայրերի շահագործման իրավունքը 100 տոկոսով անցել է մասնավորին, որի համար հանքավայրերի մասին նույն ինֆորմացիան բաց է, իսկ հանրության համար՝ փակ:
«Փոխարեն ՀՀ կառավարությունը ստիպի լեռնահանքային արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին պահպանել բնապահպանական նորմերը, նոր տեխնոլոգիաներ մշակի,  մի բան էլ տալիս է ևս 80-ից ավելի հանքավայրերի ուսումնասիրության իրավունք նոր հանքավայրեր ստեղծելու համար»,- նշեց Լ. Գալստյանը:
Նրա կարծիքով` եղած հանքավայրերից բացի նոր հանքավայրերի ստեղծումը և շահագործումը հետագայում հանգեցնելու է էկոլոգիական և առողջապահական «խայտառակ» իրավիճակի Հայաստանում:
 Ըստ բանախոսի` Հայաստանում ներկայումս շահագործվում է 460 հանքավայր, որոնցից 21-ը մետաղական են, իսկ դրանցից 4-ը տալիս են ամբողջ հանքավայրերի բերած օգուտը, հետևաբար մնացած փոքր հանքերի առկայությունն անիմաստ է և ծառայում է որոշ մարդկանց համար, որպես բիզնեսի աղբյուր: 
ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանի պնդմամբ` Հայաստանում լեռնահանքային արդյունաբերությունն ունի լուրջ խնդիրներ, իսկ ՀՀ քաղաքացին իրազեկված չէ, թե այս կամ այն հանքի շահագործումը ուր է տանելու Հայաստանը: 
Տեղեկատվության ազատության առումով բանախոսը նշեց, որ լեռնահանքային արդյունաբերության մեջ պետք է պահպանվի տեղեկատվության տրամադրման երկու բլոգ` պատմականորեն շահագործվող և նոր հանքավայրերի մասին:
Ըստ նրա` հանքարդյունաբերողներն անընդհատ սեփական մեղքը բարդում են նախորդ հանքատերերի վրա, ուստի անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հանքարդյունաբերողներին պատասխանատվության ենթարկել շրջակա միջավայրի աղտոտման համար: 
«Այսօր սկզբունք է դարձել որոշումներ կայացնել անորոշության պայմաններում, այսինքն եթե չկա ինֆորմացիա, ապա ցանկացած որոշում ադեկվատ չէ առկա խնդիրների նկատմամբ, դրա համար էլ լուծումներ չեն կարողանում գտնել»,- ասաց Լ. Սահակյանը:
Նա տեղեկացրեց, որ տեղեկատվություն ստանալու նպատակով 2005 թվականից իրենց կենտրոնը հետազոտություններ է իրականացրել Քաջարանում, Կապանում, Ալավերդիում, Աղթալայում, իսկ հետազոտությունների արդյունքները եղել են մտահոգիչ. «Ուսումնասիրությունների արդյունքում բոլոր լեռնահանքային շրջաններում հայտնաբերվել է ծանր մետաղներով աղտոտում, որոնք անցել են սնման շղթա և լուրջ վտանգ են հանդիսանում հասարակության առողջության համար»:
Ըստ Լ. Սահակյանի` էկոկենտրոնի կողմից արված բոլոր հետազոտությունների արդյունքների մասին տեղյակ են պահել տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք համարվում են բնակչության առողջության պահպանման հիմնական պատասխանատուն, սակայն չունեն լծակներ այդ պարտականությունները կատարելու համար»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն