ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչն ելույթ է ունեցել Կոլումբիայի համալսարանում
10-03-2015 16:18:30 | ԱՄՆ | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մարտի 4-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հայ ուսանողական միության կողմից կազմակերպված <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախ. Ձեռքբերումներն ու մարտահրավերները լարված տարածաշրջանում>> միջոցառմանը:
Արցախի ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով, ուր անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, Արցախի պատմությանը, խորհրդային շրջանի զարգացումներին, Ղարաբաղյան շարժման ձևավորմանն ու ներկա փուլին:
Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին՝ կապված ԼՂՀ քաղաքական և տնտեսական զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների ու հակամարտության խաղաղ կարգավորման հետ:
Միջոցառմանը ներկա են եղել Կոլումբիայի համալսարանի ուսանողներ և դասախոսներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցը: