Դերենիկ Մելիքյան. Բարի գալուստ ՀՀ 7-րդ դեսպանին...


Դերենիկ Մելիքյան. Բարի գալուստ ՀՀ 7-րդ դեսպանին...

  • 10-03-2015 18:33:10   | Իրան  |  Վերլուծություն

2015 թ. մարտի 8-ը եւս պէտք է համարել յիշարժան թւական հայ-իրանական դարաւոր բարեկամութեան հոլովոյթում, ինչպէսեւ՝ Իրան-Հայաստան դիւանագիտական նորագոյն պատմութեան մէջ:
 
 Հայաստանի Հանրապետութեան շուրջ քառորդդարեայ կենսագրութեան մատեանի արտաքին քաղաքականութեան եւ դիւանագիտական յարաբերութիւնների  էջը մի նոր պատմագրութեամբ է համալրւում հէնց այսօր, երբ որպէս ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան ԻԻՀ-ում իր դիւանագիտական առաքելութիւնն է սկսում    (աւելի ճիշտ՝ իրեն նախորդող չորս դեսպանների առաքելութիւնն է շարունակում) պրն. Արտաշէս Թումանեանը, որը վերջերս ՀՀ նախագահի հրամանագրով նշանակւեց այս պատասխանատու պաշտօնում:
 
Արտաշէս Թումանեանը անծանօթ անուն չէ նաեւ ու մանաւանդ իրանահայ համայնքին, յատկապէս, երբ որպէս ՀՀ 2-րդ նախագահի աշխատակազմի ղեկավար, ինչպէսեւ՝ աւելի ուշ որպէս հայ-իրանական բարեկամութեան խմբի նախագահ, պետական մի պատւիրակութիւն գլխաւորելով՝ Թեհրան է այցելել ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Հետաքրքիր դիպւածով այդ հանդիպումը կայացել է Թեհրանի Հայ հասարակական միութիւնում՝ Հայ ակումբի սրահում..., այսինքն՝ նոյն այն յարկի ներքոյ, որտեղ 1920 թւականի յունւարի 5-ին (Հայ ակումբը այն ժամանակ Թեհրանի Իւսեֆաբադ քաղաքամասում էր ) թեհրանահայերը սրտատրոփ դիմաւորել էին Հայաստանի առաջին Հանրապետութեան անդրանիկ դեսպան Իշխան Յովսէփ Արղութեանին:
Ահաւասիկ, խիստ խորհրդանշական է լինելու, եթէ թեհրանահայ համայնքը մէկ անգամ եւս, արդէն որպէս Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան, ընդունելութիւն-դիմաւորում կազմակերպի նորանշանակ դեսպանի պատւին, միեւնոյն՝ Հայ ակումբի հոգեհարազատ յարկի ներքոյ...:
Թեհրանում՝ ՀՀ դեսպանատան ընդունելութեան սրահում զետեղւած են ՀՀ վեց դեսպանների շրջանակւած լուսանկարները՝ հետեւեալ յաջորդականութեամբ.-
 
-Յովսէփ (Իշխան) Արղութեան (յունւար-դեկտեմբեր 1920 թ.)
-Լեւոն Սարգսեան (1920-1922 թթ., Խորհրդային Հայաստանի լիազօր ներկայացուցիչը Իրանում):
Այնուհետեւ 70-ամեայ ընդմիջումից յետոյ,արդէն նորանկախ Հայաստանի դեսպաններ՝
- Վահան Բայբուրդեան ( 1992-1998 թթ.)
-Գեղամ Ղարիբջանեան (1999-2004 թթ.)
.Կարէն Նազարեան ( 2005-2009 թթ.)
-Գրիգոր Առաքելեան ( 2009-2015 թթ.):
Եւ այսպէս՝ Հայաստանի Հանրապետութեան 7-րդ դեսպան Արտաշէս Թումանեանը համալրում է Իրանում հայոց պատւաւոր դեսպանների շարասիւնը. տայ
Աստւած՝ նոր յաջողութիւններով ու Իրան-Հայաստան բարեկամական ու նշանակալի փոխյարաբերութիւններում նորանոր նւաճումների արձանագրմամբ: Դա, ինչ խօսք՝ մեծագոյն փափագն է հանդիսացել մշտապէս ամենահայաստանամերձ համայնքի զաւակների համար:
 
                                                    ԹԵՀՐԱՆԻ «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ
                                           ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ՝
                                           ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն